Հայաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է ադրբեջանական դիվերսիան հետ մղած զինվորների պարգեւատրման արարողությունը:
Պարգեւների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Բանակի օրվան նվիրված հանդիսավոր նիստում:
NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով թշնամու դիվերսիոն գործողություններից հայրենիքը հերոսաբար պաշտպանած 8 ժամկետային ծառայողներ պարգեւատրվել են «Գարեգին Նժդեհ» մեդալով: Նրանցից երկուսը հունվարի 28-ին կարժանանան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պարգեւներին:
Հիշեցնենք, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերըղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:




























