Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքը Թոքաբանների ամերիկյան ասոցիացիայի կողմից ամենաբարձր գնահատականին է արժանացել՝ լավագույն հակածխախոտային կանոներն ունենալու համար: Գլենդելը այն 18 քաղաքներից ու շրջաններից մեկն է, որոնք ամենաբրձր բալն են ստացել «պայքար ընդդեմ ծխախոտի-2014» զեկույցում:
Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, Գլենդելը նշվել է նաեւ բնակելի շինություններում հակածխախոտային կանոնների համար, որը քաղաքային խորհուրդը ներդրել է նախորդ տարի՝ արգելելով ծխել բոլոր նորակառույց բնակելի շինություններում:
2013-ին քաղաքային խորհուրդը նաեւ օրենք է ընդունել, որը անհատ քաղաքացիներին իրավունք է տալիս դատի տալ ծխողներին՝ հակածխախոտային կանոնները խախտելու համար:
Նշենք, որ Գլենդելը ԱՄՆ-ի ամենահայաշատ բնակավայրերից մեկն է: Որոշ տվյլներով՝ քաղաքի բնակչության մոտ 40 տոկոսը հայեր են:
Հետազոտությունների համաձայն՝ Հայաստանը աշխարհում տոկոսային հարաբերությամբ ծխող տղամարդկանց քանակով զբաղեցնում է 3-րդ տեղը: Ու այս տեսանկյունից հետաքրքիր է, որ հայաշատ Գլենդելում գործում են ամենախիստ հակածխախոտայինկանոնները:




























