Վրաստանում պետական կարիքների համար ավտոմեքենաների գնումը կկատարվի նոր օրենքին համապատասխան։

Կառավարությունը հաստատել է պետական ավտոպարկի բաշխման, դասակարգման եւ գնման/փոխարինման կանոնները։

Համաձայն կանոնների՝ պետական կազմակերպությունների մրցութային առաջարկներում կնշվի ոչ միայն ավտոմեքենայի գինը, այլեւ այն պահելու տարեկան ծախսը։ Խոսքը վերաբերում է վառելիքի, սպասարկման եւ այլ ծախսերին, ինչն էականորեն կխնայի բյուջետային միջոցները։

Նոր կանոններով՝ ավտոպարկը բաժանվել է չորս դասի։  Չորրորդ՝ ամենացածր դասի ավտոմեքենաները օգտագործվում են քաղաքի ներսում աշխատակիցների կուրիերային եւ սուրհանդակային փոխադրումների սպասարկման համար։

Դրանց առավելագույն արժեքը 15 400 դոլարի սահմաններում է։

Երրորդ դասի մեքենաները նախատեսված են կառավարության վարչական, մարզային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների, վարչապետի խորհրդականի եւ այլ պաշտոնյաների համար: Թեթեւ մարդատար մեքենայի արժեքը կազմում է 16 800 դոլար, բարձր անցանելությամբ մեքենայինը` 24 300 դոլար:

Երկրորդ դասի մեքենաները նախատեսված են դեպարտամենտների ղեկավարների, նրանց հավասար պաշտոնյաների եւ այդ դասի այլ հանրային ծառայողների համար: Թեթեւ մարդատարի արժեքը չպետք է գերազանցի 21 հազար դոլարը, իսկ բարձր անցանելիությամբ մեքենաներինը` 26 500 դոլարը:

Առաջին դասի  են այն մեքենաները, որոնք սպասարկում են նախարարների տեղակալներին եւ նման այլ պաշտոնյաների: Մեքենայի առավելագույն արժեքը 31 500 դոլար է, հայտնում է «Գռուզիա Online»-ը: