«Առավոտ»  թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինծառայող Արմինե Հովակիմյանը ծնողներին ստել էր, թե ինքը բանակում համակարգչային բաժնում է աշխատում, սակայն տնից հաճախակի բացակայությունների ու մի շարք այլ խնդիրների պատճառներով այլեւս հնարավոր չէր թաքցնել իրողությունը:

Եվ նա ծնողներին խոստովանում է ճշմարտությունը, որը հալած յուղի պես չի ընդունվում. «Սկզբում ծնողներս խնդրեցին ինձ հրաժարվել ծառայությունից, որովհետեւ ես արդեն ունեի մասնագիտություն եւ աշխատանք (աշխատում էր որպես իրավաբան): Վերջիվերջո տեսնելով իմ եռանդը, հաջողությունները, պատվոգրերն ու պարգեւատրումները՝ սկսեցին հպարտանալ ինձնով եւ այլեւս չընդդիմանալ»,-պատմում է նա: Մեկ երեխայի մայր, նախկինում իրավաբան Արմինե Հովակիմյանն այսօր ավագ սպա եւ պարաշյուտային գծով հրահանգիչ է:

Պատմում է՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու մասին երազել է մանկուց, նրա մեջ հայրենասիրություն սերմանել են ընտանիքի անդամները՝ պապիկը. «Պապս ինձ համար միշտ օրինակ է եղել, նա ինձ հետաքրքիր դրվագներ էր պատմում պատերազմի կյանքից, թե ինչպես են տեղադրել ականները, ինչ պայթեցումներ են արել եւ այլն: Ես լսում էի ու ափսոսում, որ այդ թվերին ծնված չեմ եղել: Մեծանալուն պես հասկացա, որ պատերազմը միայն արհավիրքներ է բերում, բայց բանակում ծառայելու երազանքս երբեք չմարեց»,- պատմում է Արմինե Հովակիմյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում