Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը լավ ուսանող է եղել, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի որդին՝ Վիլիկը, բավականին թույլ ուսանող էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանության գծով ԲՈՒՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահ Գագիկ Ղազինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին:
Նա նշեց, որ Աբրահամյանը եւ Կարապետյանը եղել են իրենց ուսանողները, բայց այսօր որեւէ կարգավիճակ ֆակուլտետում կամ համալսարանում, որը հնարավորություն կտար նրանց գիտությամբ զբաղվելու, չունեն (նկատի ունեմ հայցորդ կամ ասպիրանտ լինելը): Դեկանը շեշտեց, որ եթե նրանք այլ գիտական կառույցներում ունեն նման կարգավիճակ, ինքը դրանցից տեղյակ չէ: «Կարապետյանը լավ ուսանող չէր, թույլ էր, բավականին թույլ ուսանող էր, բակալավրիատն է ավարտել եւ հավակնություն չէր կարող ունենալ մագիստրատուրա գնալու, Արգամը լավ ուսանող է եղել, մագիստրատուրա է ավարտել, բայց հետո ցանկություն չի ունեցել հայցորդ, ասպիրանտ դառնալու: Արսենյանի դուստրը լավ ուսանող եւ մագիստրանտ է եղել, նա անցյալ տարի պաշտպանել է թեկնածուականը, գործերը ԲՈՀ-ում են որոշակի դժվարություններով, այնտեղ նաեւ դեմ ձայներ կային: Թվարկված պաշտոնյաններից երեքից երկուսին ժխտեցի, էդ բիրիքը թող ներկայացնեն, որ ես էլ դրան պատասխան տամ: Եթե իրենց կարծիքով ամենաչկայացած մասնագիտություններից է իրավագիտությունը, որակումը մնում է իրենց խղճին, պետք է փաստերով խոսել: Եթե չկայացած է, ապա ինչո՞ւ է հարգելի խմբագիրը իր երկու դուստրերին բերել մեր ֆակուլտետ»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Նա շեշտեց, որ չի հիշում արտառոց դեպքեր, երբ իրենց ոլորտում ոչ արժանի մեկը թեկնածուական պաշտպաներ: «Իսկ ով ասաց, որ մեր պաշտոնյաների երեխաները ամենաշատը պաշտպանում են այդ ոլորտում, պետք է դա հիմնավորել, հետո տեսնել՝ հեշտ է դա, թե դժվար: Ցանկացածի իրավունքն է իր ընտրած մասնագիտությամբ սովորել, մենք ընդամենը կրթություն ենք կազմակերպում, որից հետո ինստիտուցիոնալ սովորելը՝ ըստ մտավոր հնարավորության է: Իրավագիտությունը համարվում է ամենապահանջված մասնագիտություններից մեկը, նույնիսկ ասում են չէ ամենաէլիտար մասնագիտություններից մեկը: Ունենք փայլուն երեխաներ՝ անկախ ծնողներից՝ ընդ որում եւ պաշտոնյաներ, եւ ոչ, ի՞նչ կապ ունի պաշտոնյա ծնող ունենալը կամ չունենալը: Երեւի չգտնենք պաշտոնյա, որի երեխան առանց հիմքի կարողանա գիտական աստիճան հայցել եւ ստանալ»,- ասաց դեկանը:
Ինչ վերաբերում է միջնորդություններով ուսանելուն կամ թեկնածուական պաշտպանելուն, Գագիկ Ղազինյանն ասաց, որ դա առանձին թեմա է, այդ ժամանակ ինքը կխոսի կոնկրետ թվերով, փաստերով, անուններով:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե պարզվում է՝ մեր պաշտոնյաների զավակներն ազատ ժամերին ոչ միայն կրակում են, այլև, հետևելով իրենց հայրերի օրինակին, զբաղված են խորապես մտավոր աշխատանքով։
«Մոտ 20 օրից ԵՊՀ-ում իրենց թեկնածուականները կպաշտպանեն ոչ միայն Աբրահամյան Արգամը՝ Արգամիչի որդին, այլև ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի ուստրը՝ Վիլիկը։ Յուվեցուց հետ չի մնացել նաև ՀՀԿ-ական՝ Ջերմուկի Աշոտի դուստրը, նրանք բոլորը մարտնչում են իրավական ասպարեզում, և թեկնածուական թեզերն էլ, բնականաբար, Հայաստանում ամենաչկայացած ոլորտից՝ իրավաբանությունից են։ Ինչպես նշեց մեր աղբյուրը, «դե, Ղազինյանն է, էլի՝ բիրիքով կպցրել ա»։
Հիշեցնենք՝ Գագիկ Ղազինյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանն է, իրավաբանության գծով ԲՈՒՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահը»,–գրել է թերթը։




























