Երեւանի քաղաքապետարանը ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերություններին հանձնարարել է հնարավորին կարճ ժամկետում Երեւանում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբեր եւ հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաեւ տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր:
Հաշվի առնելով անվտանգ երթեւեկության ապահովման առաջնահերթությունը` Երեւանի քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջեւ` հնարավորին կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ:
Հարկ է նկատել, որ տվյալ ընկերություններն աշխատանքներն իրականացնում են բացառապես իրենց սեփական միջոցների հաշվին:
Հավելենք, որ արդեն գարնանը Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրերով ինչպես այդ, այնպես մի շարք այլ փողոցներում կմեկնարկեն ընթացիկ եւ հիմնական նորոգման աշխատանքները, որոնց շրջանակում կիրականացվեն նաեւ վերջնական փոսանորոգումներ:




























