2013թ.-ի նոյեմբերի 14-ին Հայաստանում արդեն չորրորդ տարին պաշտոնապես անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը՝ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով։
Մրցույթին մասնակցել է Հայաստանի բոլոր մարզերի 305 եւ Ստեփանակերտի 12 դպրոցների 2-12-րդ դասարանների 8755 աշակերտ: Մրցույթի արդյունքներն ամփոփված են. «Ռուսական արջուկն» այս տարի Հայաստանում ունի 425 մրցանակակիր, որոնցից 130-ն արձանագրել են լավագույն արդյունք:
Նշենք, որ «Ռուսական արջուկին» Հայաստանի եւ Արցախի աշակերտները մասնակցում են մեծ սիրով ու հետաքրքրությամբ: Դրա մասին փաստում են մասնակիցների ակտիվության ցուցանիշները եւ մրցանակակիրների քանակը, ինչը տարեցտարի աճում է: Երեխաների այսպիսի ակտիվությունը եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ հայ դպրոցականներն ամեն տարի սիրով ու ոգեւորությամբ են մասնակցում աշխարհում տարբեր առարկաներից անցկացվող ամենազանգվածային մրցույթներին։
Նշենք, որ հունվարի 29-ից 31-ը եւ փետրվարի 3-ից 4-ը «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները շրջելու են Հայաստանի քաղաքներով, ինչպես նաեւ լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաներին իրենց հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները:
Բոլոր 8755 աշակերտները, անկախ վաստակած միավորներից, ինչպես նաեւ բոլոր մասնակից 317 դպրոցները կստանան մասնակցության հավաստագրեր: Այս տարի «Այբ»-ը կրկին սահմանել է լրացուցիչ խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնցում չկան «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ամեն դպրոց կունենա առնվազն մեկ մրցանակակիր:
«Ռուսական արջուկ» մրցույթի բացառիկ կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ:
Մրցույթի կազմակերպման գործընկեր` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ




























