Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված ս.թ. հունվարի 23-ի պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստում քննարկվել ու հավանության է արժանացել «Զվարթնոց» օդանավակայանի Կոնցեսիոների կողմից ներկայացված մաստեր պլանը:
Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միաժամանակ գլխավոր վարչության պետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ եղել է առաջարկ դիմել Կոնցեսիոներին՝ եւս մեկ անգամ օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ հարցը քննարկելու նպատակով:
Ըստ Արտյոմ Մովսեսյանի՝ այդ առաջարկի վերաբերյալ Կոնցեսիոները ներկայացրել է, որ իրենք կսկսեն ուսումնասիրել հնարավոր լուծումները եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղյակ կպահեն:
ՀՀ Հանրային խորհուրդն ուշադրությամբ հետեւելու եւ իր հերթին քննարկելու է Կոնցեսիոների կողմից առաջարկվող հնարավոր լուծումները՝ «Զվարթնոց»-ի Կլոր շենքի վերաբերյալ ՀԽ դիրքորոշման համատեքստում:




























