Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից փետրվարի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանի Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ Ն. Վարդանյանը եւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը:

Նախատեսված է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիձեի հետ, որի ընթացքում կքննարկվեն հայ-վրացական գիտակրթական համագործակցության ընդլայնման, Վրաստանում հայ համայնքի կրթական խնդիրներին վերաբերող հարցեր:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կայցելի Իվան Ջավախաշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան, ինչպես նաեւ Իլյայի պետական եւ Վրաստանի տեխնիկական համալսարաններ, որտեղ հանդիպումներ կունենա բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաեւ հայ եւ վրացի ուսանողների հետ, հանդես կգա դասախոսությամբ:

Այցի շրջանակներում ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Ուսուցիչների վերապատրաստման Ազգային կենտրոնում հանդիպում կունենա հայ ուսուցիչների հետ: Այցի ընթացքում կստորագրվի համագործակցության համաձայնագիր` Իլյայի պետական համալսարանի եւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջեւ: