Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու՝ Մայիս Խաչատրյանի, նրա ազգական Յուրա Մանուչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Մասնավորապես, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 29-ին, ժամը 20.00-ին, Մայիս Խաչատրյանը եւ Վիտալիկ Մեսրոպյանը ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին:  

Իսկ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, թե Գորիսի բաժնում հունվարի 23-ին տեղեկություն է ստացվել, որ հունվարի 22-ի երեկոյան Գորիսի բնակիչ Վիտալիկ Մեսրոպյանը ծեծի է ենթարկել Յուրա Մանուչարյանին, ինչից հետո վերջինս իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ գնացել է Գորիս քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող բենզալցակայան ու ծեծել Վիտալիկ Մեսրոպյանին եւ Արթուր Հարությունյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել, ինչի ընթացքում պարզվել է, որ մինչ այդ Արթուր Հարությունյանը հանդիպել է Յուրա Մանուչարյանին եւ պահանջել, որ չանհանգստացնի իր քրոջը: Նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, որին միջամտել է Վիտալիկ Մեսրոպյանը: Յուրա Մանուչարյանը հեռացել է եւ վերադարձել իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ: Նրանք վիճաբանել են Վիտալիկ Մեսրոպյանի եւ Արթուր Հարությունյանի հետ, ինչի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վիտալիկ Մեսրոպյանին եւ Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Մայիս Խաչատրյանը Սուրեն Խաչատրյանի եղբոր որդին է: