30-ամյա Էդգար Խ.-ն մեղադրվում է իր գիշերային ակումբի աշխատակիցներին օրենքով սահմանված կարգով չձեւակերպելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Էդգար Խ.-ն, հանդիսանալով ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Գուդ Զոր» ՍՊ ընկերության տնօրեն, 2012 թվականի հունիսի 1-ից մինչեւ նույն թվականի սեպտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Շերամի 5/10 հասցեում իրականացրել է գիշերային ակումբի գործունեություն, սակայն խախտելով «Պարտադիր սոցիալական վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի դ/ենթակետի եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները, օրենսդրությամբ սահմանված կարգով չի ձեւակերպել ընկերության 17 աշխատողներին եւ դրա վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներ, հաշվետվություններ, հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չի ներկայացրել հարկային մարմիններ եւ այդ միջոցով չարամտորեն խուսափել է խոշոր չափերով՝ 10.200.000 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության եւ եկամտային հարկի վճարները վճարելուց:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել հունվարի 29-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























