Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության նոր վարչական շենք, որը բացվել է նախորդ տարվա սեպտեմբերին:
Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վարչական շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ տեխնիկական հագեցվածությանը: Տիգրան Սարգսյանն այցելել է մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային եւ ելքի փաստաթղթերի ձեւակերպման բաժիններ, զրուցել աշխատակիցների եւ վարչություն այցելած քաղաքացիներ հետ, ովքեր իրենց գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայությունների որակից:
Միաժամանակ, վարչապետ Սարգսյանն անձամբ է օգտվել մատուցվող ծառայություններից եւ, անցնելով բոլոր ընթացակարգերը, ստացել կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ:
Գնահատելով վարչությունում իրականացված աշխատանքները՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ինձ համար չափազանց կարեւոր էր տեսնել, թե ինչպես են սպասարկում սովորական քաղաքացուն: Այդ առումով, կարող ենք արձանագրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում սա մեր պետության լրջագույն ձեռքբերումներից մեկն է եւ այս ստանդարտը, որ ներդրել ենք այս ոլորտում, պետք է տարածենք նաեւ այլ բնագավառներում, որտեղ պետությունը շփվում է քաղաքացու հետ»:
Ոլորտի պատասխանատուները վարչապետին զեկուցել են այս բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Նշվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում էապես բարձրացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի են հասցվել կոռուպցիոն ռիսկերը եւ փաստաթղթերի ձեւակերպման համար ծախսվող ժամանակը:
Մոտ 5000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող Անձնագրերի եւ վիզաների վարչության նոր վարչական շենքը, որում աշխատում է 150-ից ավելի մարդ, ունի 4 վերգետնյա եւ 1 ստորգետնյա հարկ:































