Նախկին դատախազ, այժմ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի դեմ մահափորձի գործով Իսրայել Սարգսյանը (Իսոն, ով ձերբակալվել է Թեւոսիկի եղբոր սպանության գործի շրջանակներում) դատապարտվել է, կրել պատիժը եւ դուրս եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գրիգորյանը:

Նա նշեց, որ այդ գործով փախուստի մեջ է Վանո Սիրադեղյանը եւ Կամո Նուրիբեկյանը, ով Վանոյի կնոջ բարեկամն է, իսկ Իսրայելը նստեց եւ դուրս եկավ: Դատավորն ասաց, որ արդեն ոչինչ չի հիշում, դեպքը եղել է 1994թ հունիսի 2-ին, շուտով կլրանա 20 տարին եւ եթե նույնիսկ տեսնի Իսոյին, ոչինչ չի հիշի:

Նա ասաց, որ տեղյակ էլ չէ, որ Թեւոսիկի եղբոր սպանության գործով ձերբակալվել է նույն Իսոն: «Լավ են արել, եթե կատարել է, թող տանեն, պատժեն, ի՞նչ է պատահել: Մարդը որ արյան հոտ է առնում, միշտ սովորում է նման բաների: Տհաճ է ընդհանրապես հիշել այդ բաները, բայց ես չեմ հիշում ոչ նրան, ոչ էլ մանրամասներ, ես գիտեմ, որ այդ գործով նա դատապարտվեց խմբով: Չգիտեմ սա ինչ դեպք է, իմ դեպքն էլ չեմ ուզում հիշել, որովհետեւ տհաճ զգացողություն է առաջացնում: Ձեզ թվում է՝ ես ամբողջ օրը նստած այս դեպքի մասի՞ն եմ մտածում, ինձ եւ իմ ընտանիքի համար տհաճ է այդ ամենը»,- ասաց Վլադիմիր Գրիգորյանը:

Ի դեպ, այս մահափորձի եւ առհասարակ Իսրայել Սարգսյանի անցյալի մասին NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով  աղբյուրներին, հայտնել էր, որ Թեւոսիկի եղբոր սպանությունը վենդետայի արդյունք է: Բանն այն է, որ նույնիսկ անազատության մեջ Թեւոսիկը դրսում «գործեր է արել» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի միջոցով:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սաֆարյանին սպանողները եղել են երկու հոգով, նրանք ժամանակին հայտնի Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մասնակիցներն են եղել: Արթուր Սաֆարյանին կրակողը 48 տարեկան Մովսեսն էր (շրջապատում նրան Մոսո են ասում), նրա հետ է եղել 45-ամյա Իսրայելը, ով շրջապատում հայտնի է Իսո անունով:  Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Մովսեսի դիակը դեռ չի գտնվել, բայց ինչ-որ հետքեր կան, Իսոն այն մտցրել է խողովակի մեջ: Այժմ ոստիկանությունում կասկածյալի կարգավիճակով գտնվողը հենց Իսոն է, ով ձերբակալված է եւ ում կկալանավորեն:

Հիշեցնենք, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: