Ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում «Թեւոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում` փետրվարի 4-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցում գործող կարատեի ֆեդերացիայի կողմից օգտագործվող տարածքում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 800 գ «ՏՆՏ» տեսակի պայթուցիկ նյութ /Տրոտիլ/, «ԴԵՇԱ» տեսակի պայթուցիկ մալուխ, 43 ծխագլանակ, 3 տուփ գործարանային արտադրության «ԿԴ-8» տեսակի պայթուցիչ, 13 սմ երկարությամբ ծխալար, 27 ծխալար, պայթուցիչի 2 լար, «Պիռոպատրոնիի ՊՊ-9» տեսակի 3 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 84 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 156 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 86 փամփուշտ, «ՏՕԶ-8» տիպի 41 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ, տարբեր տրամաչափի 2 փամփուշտ, 1 լուսային փամփուշտ, 1 պահունակ, ինքնաձիգի 2 դետալ, 2 զրահաբաճկոն, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 19 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի 9 ուսումնական փամփուշտր, «Ֆ-1» տիպի ուսումնական 2 նռնակ, տարբեր տեսակի մարտական եւ ուսումնական 9 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 7 պարկուճ, «ՏՕԶ-8» տիպի ոչ մարտական 2 փամփուշտ, 1 հատ գնդակ, 5.45 մմ տրամաչափի ուսումնական 77 փամփուշտ եւ տարբեր 15 տեսակի կնիք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ կատարեի ֆեդերացիայի նախագահը Գոռ Վարդանյանն է: Նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալված Իսրայել Սարգսյանը եւս այդ ֆեդերացիայի անդամ է եղել: Նա ձերբակալվել էր քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ավելի վաղ այս դեպքի առնչությամբ, ֆեդերացիայից հայտնել էին հետեւյալը. «Այդ զենքը նախատեսված է եղել կինոների համար, հետաքրրքվել են, թե երբ ենք նկարել դրանք եւ այլն: Բոլոր ֆիլմերում, որտեղ որ պետք է եղել իրական կադրեր, օգտագործվել է, հետագայում դրանք պետք է հանձնվեին, բայց Գոռ Վարդանյանը Հայաստանում չէր, իսկ քանի որ դրանք տրամադրված էին իրեն, ոչ մեկ իրավունք չուներ դրանց կպնելու: Փորձաքննություններ են դեռ նշանակված, ամեն ինչ կպարզվի»:
Ո՞վ է Թեւոսիկի եղբոր սպանության գործով ձերբակալված Իսոն եւ ի՞նչ կապ ունի նա Գոռ Վարդանյանի հետ
Ինչո՞ւ էր «Դուքենդո» ֆեդերացիայում այդքան մեծ քանակությամբ զինամթերք պահվում



























