Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպան Ասիֆ Չադրին Տիրասպոլում հանդիպել է Մերձդնեստրի ղեկավար Իգոր Սմիռնովի հետ ու հայտնել, որ ԱՄՆ-ի կառավարությունը ու միջազգային հանրությունը մտահոգված են անկախ լրագրող Էռնեստ Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ։
Հիշեցնենք, որ 33-ամյա Էռնեստ Վարդանյանը, ով աշխատում է մոլդովական «Պուլս» պարբերականի համար, ձերբակալվել է Տիրասպոլում՝ ապրիլի 7-ին, եւ մեղադրվում է պետական դավաճանության ու Մոլդովայի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Նրան սպառնում է 12-20 տարվա ազատազրկում, եթե մեղադրանքը հաստատվի:
Մերձդնեստրի ղեկավար Իգոր Սմիռնովը խոստացել է, որ Վարդանյանի դատավարությունը «արդար կլինի»:
Հայաստանում ծնված, 88-ի երկրաշարժից հետո Մերձդնեստր տեղափոխված լրագրողի ճակատագրին անդրադարձել է նաեւ Մոլդովայի նախագահ Միխայիլ Գիմպուն։ Դատապարտելով միջադեպը` նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ պաշտոնական Քիշնեւը որեւէ լծակ չունի Տիրասպոլի վրա ազդելու համար. «Մենք արդեն արել ենք ամեն հնարավորը։ Խնդիրը, սակայն այն է, որ Տիրասպոլի իշխանությունները մի յուրօրինակ բուրգ են ստեղծել, որտեղ հաշվի չեն առնում ո'չ օրենք, ո'չ իրավունք։ Իրավիճակը կարող է փոխել միայն հասարակական կարծիքը, եվրոպական կառույցների արձագանքը, եւ մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում` նրանց աջակցությունը ստանալու համար»: Պաշտոնական Քիշնեւը, մասնավորապես, խոստանում է Վարդանյանին ազատ արձակելու հարցը բարձրացնել այսօրվանից Բրյուսելում, ապա Վաշինգտոնում` միջազգային կառույցների հետ նախատեսված քննարկումներում, որտեղ Մոլդովան ներկայացնելու է Վերամիավորման հարցերով փոխվարչապետ Վիտալի Օսիպովը։
Խնդրին անդրադարձել են նաեւ իրավապաշտպաններն ու լրագրողները։ «Չեմ պատկերացնում` այդ ի՞նչ արժեքավոր տեղեկություններ ուներ Վարդանյանը, որի օգնությամբ կարող էր հայրենիքին դավաճանել», -իր ինտերնետային բլոգում գրել է Մերձդնեստրում աշխատող իրավապաշտպան Ռոման Կոնոպլեւը։ Մոլդովական «Պուլս» պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Կավրուկն էլ ընդգծել է, որ Վարդանյանը ամիսներ շարունակ Տիրասպոլի իշխանություններից սպառնալիքներ է ստացել: «Դեռեւս անցած տարվա աշնանը նրան զանգահարել էին պետանվտանգության նախարարությունից եւ պահանջել դադարեցնել համագործակցությունը մոլդովական լրատվամիջոցների հետ»,-ասել է «Պուլս»-ի խմբագիրը։




























