Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով:
ԼՂՀ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ՀԲԸՄ-ի ղեկավարության հետ քննարկել է Արցախում այդ կազմակերպության կրթական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները:
Այցի շրջանակներում կազմակերպված բարեգործական ճաշկերույթի եւ մի շարք գործարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի զարգացման որոշ ծրագրեր: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար շենք կառուցելու վերաբերյալ: Ա. Հարությունյանը տեղեկացրեց բարեգործներին, որ նախքան շենքի կառուցումը «Թումոն» այս տարվա ընթացքում կսկսի իր գործունեությունը ժամանակավոր տարածքում:
Բարեգործական ծրագրերից բացի, հանդիպումների ժամանակ գործարարները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հիդրոէներգետիկայում եւ տնտեսության այլ ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ եւս:



























