Հոնկոնգի կենտրոնում փետրվարի 7-ին հայտնաբերված Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների խոշոր ռումբի պատճառով տարհանել են երկու հազարից ավելի մարդու: 

1,7 մ երկարությամբ եւ 60 սմ տրամագծով AN-M66 չպայթած ռումբը հայտնաբերել են շինարարները` Cosmo հյուրանոցի հարեւանությամբ ստորգետնյա աշխատանքների ժամանակ, հայտնում է «Սինհուան»` վկայակոչելով տեղի ոստիկանությունը: 

900 կգ-անոց ռումբի վնասազերծումը տեւել է 17 ժամ: 

Նշվում է, որ դա Հոնկոնգում հայտնաբերված Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբերից ամենամեծն էր:

Այդ տեսակի ռումբ Հոնկոնգում հայտնաբերվում է երկրորդ անգամ, անցյալ տարվա մարտին ոստիկանությունը գտել եւ հաջողությամբ վնասազերծել նման ավիառումբ: