Ցանկացած պահի, երբ ռազմական գործողություններ սկսեն Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը զորքեր կմտցնի Ադրբեջան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, իր ռուսամետ հայացքներով հայտնի Աշոտ Մանուչարյանը:

Միաժամանակ, նա կարծում է, որ Ռուսաստանը կգնա այդ քայլին ոչ թե հանուն Հայաստանի, որպես իր գործընկեր, այլ որովհետեւ առիթ է փնտրում, որպեսզի վերացնի Ադրբեջանում իր հակառակորդներին եւ այդ երկիրը վերցնի իր հսկողության տակ:

«Ղարաբաղյան գործոնն ունի երկու կողմ. Մեկը կապված է անվտանգության խնդիրների հետ, որի պատճառով մեր երկիրը շատ հաճախ շանտաժի է ենթարկվում: Խոսակցությունները, որ կարող է պատերազմ սկսվել, արտաքին ճնշումները եւ այլն, բացարձակ կեղծիք են: Այդ ամենն արվել է, որպեսզի վախ սերմանեն ժողովրդի մեջ եւ Հայաստանին պատրաստեն ցանկացած առաջարկվող գործարքի»,-ասել է Մանուչարյանը:

Մյուս կողմից, Ռուսաստանում, նրա խոսքով, իրավիճակը շատ անկայուն է: Արեւմուտքը աստիճանաբար ՌԴ-ի համար մեծ դժվարություններ է ստեղծում: «Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի համար միակ ելքը ներքին կայունություան պահպանումն է: Դա արտաքին պատերազմ է, ուստի ռուսական կողմը չի հրաժարվի հարմար առիթից»,-ընդգծել է Մանուչարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am