Իշխող կոալիցիայի կազմում չընդգրկված 4 խորհրդարանական ուժերը մշակում են իրենց հետագա քայլերը՝ ժողովրդի շահերը պաշտպանելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ վստահեցնելով, որ նույնիսկ խոշտանգումների դեպքում չի բացահայտի իրենց հետագա քայլերը:

Զուրաբյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, որպեսզի վերականգնի իր իրավունքները: «Մենք պետք է իշխանություններից պահանջենք հաշվետու լինել ժողովրդին: Ողջ ժողովրդով պետք է փողոց դուրս գալ, որպեսզի քաշենք իշխանության ականջները»,-ասել է նա:

Անդրադառնալով գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իշխանությունների հնարավոր նախաձեռնությանը, Զուրաբյանը նշել է, որ իշխանությունը գիտակցում է, թե ինչ ողբալի իրավիճակում է գտնվում քաղաքական եւ բարոյական առումով:

«Իրականում, նրանք պարտվել են: Չգիտեմ՝ ինչ քայլեր նրանք կձեռնարկեն, սակայն իշխող կուսակցության նախաձեռնությանը չենք վստահելում»,-ասել է Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանական մեծամասնությունը ձախողել է 4 ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունը՝ հայ-ռուսական գազային համաձայնագրերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Միաժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ ՀՀԿ պատգամավորները իրենք կարող են նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ: