Եթե գազի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իշխանությունների նախաձեռնությունը հերթական իմիտացիան դառնա, ապա ԲՀԿ-ն դեռ կքննարկի դրան միանալու հարցը: Այս մասին փետրվարի 7-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ սկզբի համար հարկավոր է ծանոթանալ նրանց առաջարկի ձեւաչափին. «Մենք ամբիցիաներ չունենք, եւ եթե նրանց նպատակն այն է, որ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն իրենցից բխի, եւ նրանք մտադիր են լուրջ վերաբերվել հարցին, ապա մենք դեմ չենք, որ հանձնաժողովը Հայաստանի հանրապետական կուսակցության անունով կոչվի»:
Զոհրաբյանը նկատել է, որ երկիրը տխուր վիճակում է եւ նրա առջեւ լուրջ մարտահրավերներ կան ծառացած: Ըստ նրա՝ ներկա վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են հայեցակարգային փոփոխություններ: «Խորհրդարանական չորս խմբակցությունները ձեւավորում են համատեղ քաղաքական օրակարգ, եւ մենք առաջ կշարժվենք փոքր քայլերի մեթոդով», - նշել է նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























