Վարսակի շիլայի հաճախակի կիրառությունը հանգեցնում է ոսկրային հյուսվածքների քայքայմանը։ Նման եզրակացության է հանգել ավստրալացի գիտնականների խումբը։ Ըստ փորձագետների՝ վարսակի հանդեպ չափազանց մեծ սերը առողջական խնդիրների է հանգեցնում։  Պատճառը վարսակի փաթիլներում առկա  ֆիտինաթթուն է, հայտնում է Mignews.ru-ն։

Թթուն խանգարում է օրգանիզմի կողմից կալցիումի լավ յուրացմանը, որը մշտապես  հեռացվում է ոսկորներից եւ աղիքներում պատշաճ մակարդակով չի ներծծվում: Տվյալ դեպքում նույնիսկ տարբեր կենսահավելումներ ընդունելը չի կարող ոչինչ փոխել:  Կալցիումի պակասը հանգեցնում է նրան, որ ոսկորները դառնում են ավելի փխրուն եւ կոտրվածքների եւ ճաքերի հակված: 

Գիտնականները հավելում են, որ վարսակի շիլան, իհարկե, ունի իր դրական կողմերը. կարգավորում է ստամոքսի, սրտանոթային համակարգի աշխատանքը եւ ամրացնում դիմադրողականությունը: Սակայն երկու շաբաթ օգտագործելուց հետո,  պետք է դադար տալ առնվազն 14 օր, որից հետո կրկին կարելի է այն ընդգրկել սննդակարգում: Միայն այդ դեպքում շիլան  վնաս չի հասցնի առողջությանը: