Խարկովից Ստամբուլ թռչող օդանավը փետրվարի 7-ին գրավելու փորձ կատարած ուկրաինացուն փետրվարի 9-ին պաշտոնական մեղադրանքներ են ներկայացրել: Տղամարդը ձերբակալվել էր կիրակի օրը` Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքում հարցաքննությունից հետո: Թուրքիայում օդանավն առեւանգելու առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն է, նշում է AFP-ն: Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 7-ի երեկոյան` թուրքական Pegasus Airlines ավիաընկերության օդանավում, որտեղ գտնվել էր 110 ուղեւոր: Թռիչքի ժամանակ հարբած ուկրաինացին պահանջել էր իրեն օդաչուների խցիկ տանել եւ օդանավի ուղղությունը փոխել դեպի Սոչի, որտեղ այդ օրը Օլիմպիական խաղերի բացումն էր ընթանում: Նա սպառնացել էր պայթեցնել օդանավը: Օդանավը վայրէջք էր կատարել Ստամբուլի օդանավակայանում` թուրքական F-16 կործանիչների ուղեկցությամբ: Ստուգման ժամանակ օդանավում պայթուցիկ սարքեր չէին հայտնաբերվել: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` ուղեւորը Խարկովի 54-ամյա բնակիչ Արտյոմ Կոզլովն էր: Հաղորդվում է, որ Թուրքիայում քննությանը զուգահեռ` նախաքննական ստուգում են սկսել նաեւ Ուկրաինայի իրավապահ մարմինները: ՈՒՔԿ-ում հայտնել են, որ տղամարդը պահանջել էր նաեւ ազատել խռովությունների ընթացքում ձերբակալված ուկրաինացի բոլոր ակտիվիստներին, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը: