Ադրբեջանում ոչ հրապարակայնորեն արգելել են երեխաներին Աթաթուրք կոչել: Ադրբեջանի տերմինոլոգիայի հանձնաժողովի նախագահ Սայալի Սադիգովան APA գործակալությանը հայտնել է, որ ամեն օր հանձնաժողովը դիմումներ է ստանում կապված տարբեր անունների ու ազգանունների հետ:

«Երբեմն նրանք մեզ հարցնում են, թե ինչու չեն կարող իրենց երեխաներին անվանել «Քիշմիշ», «Անսամբլ», «Մուղամ», «Սամովար»: Բացի այդ, դիմում են նաեւ օտար՝ հիմնականում ռուսական, անունների հետ կապված: Երբեմն մենք սարսափում ենք նրանից, թե ինչ անուններ են ուզում դնել իրենց երեխաներին»մ,-ասել է Սադիգովան:

Հանձնաժողովի նախագահը նաեւ ընդգծել է, որ չի թույլատրվում երեխաներին անվանակոչել Աթաթուրք: «2010 թվականին երկու, իսկ 2011 թվականին մեկ երեխայի անվանակոչել են Աթաթուրք, բայց Թուրքիայի կառավարության դիմումից հետո այլեւս դա չի թույլատրվում: Այդ արգելքը պաշտոնական բնույթ չունի, բայց եթե որեւէ մեկը դիմում է այդ խնդրանքով, մենք մերժում ենք»,-ասել է նա: