Մեծ Բրիտանիայի բնակիչ Աշրաֆ Իսլամին դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել` արքայազն Հարրիին սպանելու սպառնալիքի համար:
Իսլամը կալանավորվել էր մայիսի վերջին, երբ եկել էր ոստիկանություն եւ հայտարարել արքայազնին սպանելու իր մտադրության մասին, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» ` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Քննության ընթացքում Սքոթլանդ Յարդի աշխատակիցները պարզել են, որ չարագործն իր մտադրության մասին հայտարարելուց առաջ այցելել էր ահաբեկչական կայքեր, համացանցում տեղեկություն փնտրել առեւանգման թեմայով, ինչպես նաեւ տեղեկություններ արքայազն Հարրիի գտնվելու վայրի եւ նրա նախատեսված ուղեւորությունների վերաբերյալ:
Դատախազն Իսլամի համար պահանջել է 10 տարվա ազատազրկում, սակայն դատարանն այդ պատիժը չափազանց խիստ է համարել: Չարագործը հենց սկզբից ընդունել է մեղքը, չի բացառվում, որ դատավճիռ կայացնելու վրա ազդել է նաեւ պաշտպանության հայտարարությունը, որ Իսլամը հոգեկան հիվանդությամբ է տառապում:
Հատկանշական է, որ Իսլամն իր ծրագրերի մասին հայտարարել էր Լոնդոնի թաղամասերից մեկում զինծառայող Լի Ռիգբիի գազանային սպանությունից անմիջապես մեկ օր անց:
Աշրաֆ Իսլամի իսկական անունն է Մարկ Թաունլի, նա Հյուսիսային Իռլանդիայից է: Նախկինում բազմիցս հայտնվել է ոստիկանության տեսադաշտում եւ մի քանի անգամ կանգնել է դատարանի առաջ` խաբեբայության համար: Հերթական պատիժը կրելիս նա իսլամ էր ընդունել եւ փոխել անունը:



























