Գիտության օգտագործումը կարիերայի նպատակներով հայտնի սովետական մնացուկ է, եւ թվում էր թե պետության կառուցման ժողովրդավարական սկզբունքներին անցնելուց հետո այդ ժառանգությունից կհրաժարվեինք:
Սակայն հաշվի առնելով այն, որ այն ժամանակ կարիերայից բացի զբաղվում էին նաեւ գիտությամբ, ստիպված ենք արձանագրել, որ մենք շտապել ենք հրաժարվել գիտությունից, իսկ ահա այն որպես տրամպլին օգտագործելուց ՝ ոչ:
Բավական է տեսնել ծանոթանալ պետական պաշտոնյաների ու պատգամավորների կենսագրություններին, որպեսզի պարզ տեսնենք, որ բոլորը նվազագույնը իրավաբանական, քաղաքական ու տնտեսագիտական գիտությունների թեկնածուներ են, այն դեպքում, երբ երկրում տնտեսական ու քաղաքական միտքը հակադարձ համեմատական է այդ թեմայով ատենախոսությունների քանակին: Իսկ իրավաբանության մասին ուղղակի կլռենք։
Հիշենք թեկնածուական աշխատանքների միայն վերջին աղմկահարույց պաշտպանությունները, ներառյալ քաղաքապետի պաշտպանությունը, որն անցավ դռնփակ, իսկ այդ արարողությունը հսկում էին ուսանողական խորհրդի հավատարիմ անդամները։
Իսկ այդ «ուսանողական խորհուրդները» (դրանց քաղաքական ուղղվածությունը գոնե ենթադրվում է) եւ դրանց թեւի տակ գործող «գիտական» ուսանողական միավորումներն իրենց էությամբ «կոմերիտականություն forever» են: Դրանց անդամները, իսկ ամենակարեւորը՝ նախագահները, մեծամասամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են: Այստեղից վարչական աստիճանահարթակով հաջորդ քայլը բուհում է, կա՛մ գիտությունների ազգային ակադեմիայում, կա՛մ ինչ-որ գերատեսչությունում, կա՛մ կարելի է մի նոր պաշտոն ստեղծել՝ Նախագահին կից երիտասարդական գիտնականների խորհուրդ («երիտասարդական խորհրդարան» խաղը մենք արդեն խաղում ենք): Սա առայժմ չիրականացված, բայց նշմարելի նպատակներից է։
Իսկ մինչ այդ, Երիտասարդ գիտնականների աջակցության նախագահական ծրագիրը (ԵԳԱԾ) բավական հարմար տրամպլին է գիտության կարիերիստների համար, սակայն ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» շարժման նախաձեռնողները շատ են խանգարում…
Այժմ կարեւորի մասին. երբ ամենա-ամենա կոմերիտական Կարեն Ավագյանը խորհրդարանում հայտնում է մեծ ձեռքբերումների մասին, իսկ մեկ այլ դիրքով ավելի ցածր կոմերիտական Վահե Էնֆեյաջյանն իր հարցերով «ջրի երես է դուրս բերում» Երիտասարդական հիմնադրամի նախագահին, իրենց պղտոր ջրերում, չգիտես ինչու, դուրս է գալիս «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության անունը, թեպետ խոսքը պիտի լիներ հենց ԵԳԱԾ-ի մասին։ Հատո՞ւկ են շփոթել այս պարոնայք լրագրողների հետ միասին, թե՞ պատահական, արդեն էական չէ, էականն այն է, որ ՊԳՖԱ-ն արդեն «կոմերիտությունից» չես մաքրի։
Չեմ կարող ասել, թե նախաձեռնության անդամները չեն կանխատեսել նման զարգացում, սակայն ընտրության հնարավորություն կար՝ կա՛մ աշխատել կոմերիտականների հետ՝ առաջ տանելով սեփական սկզբունքները, կա՛մ չաշխատել ու չստանալ ոչինչ: Սակայն հիմա ամեն դրականի դեպքում առաջին պլանում կլինի ԵԳԱԾ-ը, բացասականի դեպքում ՝ ՊԳՖԱ-ն:
Նախաձեռնությունը, որը ձգտում է հրավիրել ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ուշադրությունը գիտության վրա, երկուսի կողմից էլ կքարկոծվի: Նման փորձեր արդեն եղել են. հնչել են հայտարարություններ, որ իբր սա վարչապետի նախագիծն է, կամ որ Հրանտ Բագրատյանի ու Մանե Հակոբյանի միջեւ վեճը ՊԳՖԱ-ն է հրահրել: Հիշեցնենք, որ մի երկու տարի առաջ վերջիններիս միջեւ թեժ վեճ էր սկսվել ՀԱԿ-ի առաջ քաշած գիտության զարգացման ծրագրի հեղինակային իրավունքների վերաբերյալ:
Որպես արդյունք՝ Երիտասարդական հիմնադրամը կդադարեցնի Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսավորումը: Դժվար չէ գլխի ընկնել, որ նրա կոմերիտական կազմի հետ ոչինչ տեղի չի ունենա. այն սահուն կերպով անցում կկատարի դեպի վերոնշյալ՝ Նախագահին կից Երիտասարդ գիտնականների խորհուրդը՝ լավ վարձատրությամբ (այժմ նրանք անվճար են աշխատում՝ ՊԳՖԱ-ի պահանջով): Տուժելու են այն երիտասարդ գիտնականները, ովքեր ԵԳԱԾ-ի շնորհիվ իրենց աշխատանքների եւ ուղեւորությունների համար չնչին գումար էին ստանում:
Անահիտ Սարգսյան



























