13 տարի է՝ ԱՄՆ-ն աշխատում է տեղական գործընկերների հետ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը բարեփոխելու համար, հատուկ ուշադրություն դարձնելով կենսաթոշակներին: Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի՝ Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի համար պատրստված ելույթում:
Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթի տեքստը.
«Ինչո՞ւ են կենսաթոշակային բարեփոխումն այդքան կարեւոր.
- Կարեւոր է, քանի որ այն ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու վրա:
- Կարեւոր է, քանի որ Հայաստանը պետք է գտնի մի ճանապարհ կենսաթոշակառուների բարեկեցությունն ավելի լավ ապահովելու համար:
- Կենսաթոշակային բարեփոխումը կարեւոր է, քանի որ փոխվել են զբաղվածության կառուցվածքը եւ Հայաստանի ժողովրդագրությունը, եւ կենսաթոշակային համակարգը պետք է նույնպես փոխվի:
- Վերջապես, դա կարեւոր է, քանի որ նոր կենսաթոշակային համակարգը հնարավորություն կտա աշխատողներին ձեւավորելու իրենց կենսաթոշակը եւ անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ:
Ցանկացած երկրի առջեւ ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է: Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավել է միջազգային փորձագետների եւ ծախսել է ավելի քան տասը տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով եւ ձեւավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական եւ տնտեսական կարիքներին:
Կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են: Դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների եւ աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ:
Այսպիսով, ինչ կտա այս նոր համակարգը: Նոր կենսաթոշակային համակարգը.
1) կապահովի երաշխավորված եւ համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, սա ամենակարեւորն է՝ երաշխավորված եւ համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,
2) ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,
3) կբարելավի հարկային վարչարարությունը եւ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,
4) կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները:
Մենք բոլորս գիտենք, որ բարեփոխումների իրականացումը կդառնա հաջողության իսկական փորձություն: Առաջ շարժվելու համար կարեւորվում են մի շարք խնդիրներ.
- Կարեւոր է լայն հանրային իրազեկումը: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները բարեփոխումների հետ կապված նույնիսկ ամենահիմնական բաները մարդկանց հասկանալի չեն: Քաղաքացիները հարցնում են. ինչո՞ւ են անհրաժեշտ այս բարեփոխումները, ի՞նչ է արվում այս բարեփոխումներով, դրանից ի՞նչ օգուտ կստանան աշխատողն ու ապագա կենսաթոշակառուն, ինչպե՞ս այն կանդրադառնա ընթացիկ կենսաթոշակառուների վրա:
- Կառավարությունն աշխատելով քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հետ՝ պետք է իրազեկի ու պարզաբանի բարեփոխումները, դա պետք է արվի ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ կրկին ու կրկին: Հասարակության վստահությունն ավելի մեծ կլինի, եթե խնդրի բոլոր կողմերում գտնվող քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալ կառավարության իրազեկման աշխատանքներում: Ճշգրիտ, ներառական, թափանցիկ եւ համընդգրկուն իրազեկման արշավները կմեծացնեն վստահությունը բարեփոխումների նկատմամբ եւ կնպաստեն դրանց հաջողությանը:
- Մեկ այլ առանցքային գործոն է ֆինանսական գրագիտությունը: Աշխատողներն ու ապագա կենսաթոշակառուները պետք է հասկանան, թե ինչպես է ձեւավորվում իրենց ապագա կենսաթոշակը: Միայն այդ պարագայում կարող են իրազեկ որոշումներ կայացնել եւ ընտրել իրենց հատկացումների համար համապատասխան ներդրումային տարբերակը:
- Կենսաթոշակային բարեփոխման հաջող իրականացման կարեւոր գործոնները ներառում են. Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված ամուր ներդրումային քաղաքականություն, շրջահայաց կարագավորում, որը կմեծացնի հասրարակության վստահությունը համակարգի նկատմամբ եւ կպաշտպանի կենսաթոշակային հիմնադրամի մասնակիցների շահերը, եւ առավելագույնս թափանցիկ ու ճշգրիտ հաշվետվությունների ապահովում բոլորի կողմից:
Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձեւավորելու համար: Այժմ հարկ է ավելի շատ տեղեկատվություն ապահովել այն մասին, թե համակարգն ինչպես է ապահովելու քաղաքացիների կողմից կատարվող կենսաթոշակային հատկացումների երաշխավորվածությունը, նպատակային գործածումը եւ անկողմնակալությունը:
Գործատուները նույնպես որոշ պատասխանատվություններ ունեն: Նրանք պետք է որդեգրեն կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները, որպեսզի կրճատվի ստվերային տնտեսությունը: Այլեւս անցյալում պետք է մնան այն ժամանակները, երբ եկամուտների, շահույթի, աշխատավարձերի ու սոցիալական վճարումների տվյալները ամբողջովին չէին ներկայացվում հաշվետվություններում՝ հարկերից խուսափելու նպատակով:
Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը շրջահայաց ձեւով մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինանսական ապահովածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում մասնավոր, կրկնում եմ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողությունների կատարելու միջոցով:
Մի կարեւոր բան էլ ներկայացնեմ, որը կարծես հասարակության շրջանում շատերին հայտնի չէ: Այս բարեփոխումների շրջանակում կենսաթոշակային հիմնադրամները կկառավարվեն ակտիվների կառավարման 2 մասնավոր ընկերությունների կողմից, որոնք միջազգային համբավ եւ հաջող գործունեության երկար պատմություն ունեցող ընկերություններ են, մեկը՝ ֆրանսիական, մյուսը՝ գերմանական/ավստրիական:
Եվ կրկին, ոչ ոք չի հերքում, որ թոշակային բարեփոխումը խնդրահարույց է: Ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի վերաբերյալ: Սահմանադրական դատարանը նույնպես ուսումնասիրում է օրենքի որոշակի հատվածներ: Բարեփոխմանը վերաբերող այս անհանգստությունները պետք է զարմանք չառաջացնեն՝ հաշվի առնելով, որ սա տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգի հիմնավոր փոփոխություն է:
Հիշենք նաեւ, որ Խորհրդային Միության փլուզման հետեւանքով շատ հայաստանցիներ կորցրեցին երկար սպասված թոշակները: Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին, գոյություն ունի վստահության պակաս, կառավարության, հայաստանյան հաստատությունների եւ քաղաքացիների միջեւ: Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով եւ արձագանքելով վերջիններս մտահոգություններին:
Կենսաթոշակային այս բարեփոխումը կառավարության, միջազգային դոնորների եւ փորձագետների տասը տարվա սերտ համագործակցության արդյունք է: Այս մոդելը անհատների խնայողությունների եւ ներդրումների պաշտպանության համար ձեւավորված մեխանիզմների հետ միասին հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Իրականությունն այն է, որ Հայաստանում գործող ներկայիս համակարգը երկար գոյատեւել չի կարող: Փոփոխությունը, թեկուզ բարդ, սակայն անհրաժեշտ է»:




























