Ժամանակն է, որ մեր մասնագետները հստակեցնեն Հայոց ցեղասպանության տարեթվերը, քանի որ տարբեր տեղերում մենք հանդիպում ենք տարբեր տվյալների՝ մի տեղում 1915, մեկ այլ տեղում՝ 1916 կամ 1917 թվականների։ Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

Նրա խոսքով, հաճախ երկրորդ պլան է մղվում այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է նախապես ծրագրված կարգով. «Իրավական տեսակետից շեշտը պետք է դրվի այն հանգամանքի վրա, որ Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից կանխամտածված քաղաքականություն է եղել. այս փաստի վրա հաճախ պետք եղածից քիչ ուշադրություն է դարձվում»,- կարծիք հայտնեց Արմեն Հարությունյանը։

Վերջում Հայաստանի ՄԻՊ-ը կոչ արեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը Ցեղասպանության 95-րդ տարելիցի օրերին ցուցադրել Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ. Ցեղասպանության լուսանկարիչ» փաստավավերագրական ֆիլմը, որում օգտագործվել են գերմանական արխիվներից վերցված բազմաթիվ նյութեր։