Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը չի կարող մեկնել Բաքու եւ մասնակցել ապրիլի 26-ին մեկնարկող համաշխարհային կրոնական առաջնորդների երկօրյա գագաթնաժողովին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իլյա Երկրորդը Ադրբեջանի մայրաքաղաք կժամանի Չեխիայից, որտեղ բուժման կուրս է անցնում:

Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ բժիշկները նրան խնդրել են կլինիկայում մնալ եւս մի քանի օր: Վրաստանը գագաթնաժողովում կներկայացնի Պատրիարքության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Զուգդիդիի եւ Ցաիշի մետրոպոլիտ Գերասիմեն:

Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցելու է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նրան հրավիրել են Ռուսաց պատրիարք Կիրիլն ու Կովկասի մահմեդականների ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Ինչպես NEWS.am-ին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից, այցի շրջանակներում նախատեսված է պատրիարք Կիրիլի, Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի, շեյխ-ուլ-իսլամի եւ Գարեգին Երկրորդի քառակողմ հանդիպումը: Առայժմ չի հաղորդվում, կայանալո՞ւ է արդյոք Կովկասի կրոնական առաջնորդների հավաքը՝ առանց Վրաստանի պատրիարքի մասնակցության: