Կառավարությունը օրենքները շրջանցելը  դարձրել է բնավորություն. Կրթությունն ինքնահոսի է մատնված: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւան ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մի քանի օր առաջ Բաց հասարակության հիմնադրամի ու «Բարեւ» գիտակրթական ՀԿ-ի կողմից մեր հասարակությանը ներկայացվեց Հայաստանում հանրակրթության բարեփոխումների համատեքստում իրականացված «Ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ կրթության բովանդակության գնահատում» վերլուծությունը, որն արձանագրել է հանրակրթության ոլորտի 15-ամյա բարեփոխումների ձախողումները: Արձանագրված կարեւորագույն փաստերից առաջինը կնշեի կրթության ֆինանսավորման տարեցտարի անկումը` 2009-ին ՀՆԱ-ի` մոտ 3%, իսկ 2013-ին` 2.37% այն դեպքում, երբ Կրթության զարգացման 2011-2015թ.թ. պետական ծրագիր օրենքը 2015-ին դրել է 4%-ի պահանջը: Բնականաբար պակասել են նաեւ հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորումները: Վերլուծությունը բնականաբար հրապարակային էր ու կարծում եմ, հրավիրված պետք է լինեին ԿԳ նախարարության պատասխանատու ու որոշումներ կայացնող պաշտոնյաները, ցավոք ԿԳՆ-ն ներկայացնում էր հանրակրթության վարչության մասնագետը, ով իրավիճակի համար  առաջին պատասխանատուներից  չէ:

«Ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ կրթության բովանդակության գնահատում» վերլուծության մեջ շատ կարեւոր  եզրահանգումներ եւ առաջարկներ կային, որոնք պե՛տք է լսեին պատասխանատու պաշտոնյաները եւ պատասխանեին ծագած բոլոր հարցերին ու տային հրապարակային պարզաբանումներ` թեկուզ հիմնավորեին վերլուծության հետկապված իրենց անհամաձայնությունները: Իրենց բացակայությունը նշանակում էր խուսափել  այդ   պարզաբանումներից:

Ես կսեւեռվեմ ուսուցիչներին ցուցաբերվող մասնագիտական աջակցությանն ու վերապատրաստումների   որակին  վերաբերող եզրահանգումների ու  առաջարկների  վրա:

Վերլուծությունը փաստում է, որ ուսուցիչներն այսօր, առավել քան երբեւէ, կարիք ունեն իրենց մասնագիտական պատրաստվածության եւ մանկավարժական մոտեցումների պակասի վրա հիմնված որակյալ ու բազմազան վերապատրաստումների: Նրանց պետք է լիցքավորել մանկավարժական նորույթներով, պե՛տք է կատարելագործել, ինչպես ցանկացած գործիք:

Սա ուսուցիչների համար անհրաժեշտ, պահանջված գործընթաց է, սա խնդիր է որի լուծումը տալիս է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող,  ԿԳ նախարարի հրամանով  երաշխավորված  կազմակերպություններ ունենալու պահանջով: «Հանրակրթության մասին>  ՀՀ օրենքի համաձայն ամեն տարի յուրաքանչյուր ուսումնական հաստատության ուսուցչական համակազմի 20%-ի նախաատեստացիոն վերապատրաստման համար պետբյուջեն դպրոցին պետք է տար համապատասխան ֆինանսավորում, իսկ նա այն պետք է փոխանցեր իր ընտրած վերապատրաստող կազմակեպությանը: Արդյունքում կձեւավորվեր վերապատրաստող կազմակերպությունների շուկան, որը կխթաներ մրցակցությունն ու կապահովեր վերապատրաստումների բազմազանությունը, այն տարեցտարի կկատարելագործվեր եւ կհամապատասխանեցվեր  ուսուցիչների  պահանջներին:

Այս կետն աշխատեց մեկ տարի` այն էլ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Այդ երաշխավորված վերապատրաստող  կազմակերպությունները ֆինանսավորվեցին, նրանք ստացան համապատասխան գույք ու տեխնիկա, մեկ տարի կազմակերպեցին վերապատրաստումներն ու վե՛րջ: Համաշխարհային բանկի գումարները փոշիացան, ՀՀ Վերահսկիչ պալատը համեմատելով այդ կազմակերպությունների կողմից մեկ ուսուցչի վերապատրաստման ծախսը Կրթության ազգային ինստիտուտի ծախսի հետ, որն անհամեմատ ցածր էր, դա որակեց անարդյունավետ ծախս՝ չանդրադառնալով օրենքին:  Արդյունքում ՀՀ օրենքի պահանջով սկսված ծրագիրը փակվեց: Այնինչ պատկերացնում եմ, թե Համաշխարհային բանկի հետ պայմանագիր կնքելիս, փողը ստանալու համար բանակցողներն ինչ եռանդով են հիմնավորել ուսուցիչների վարպետությունը բարձրացնելուն միտված այս ծրագրի ֆինանսավորման անհրաժեշտությունը: Արդյունքում տուժեց հանրակրթության որակը, հերթական անգամ հեղինակազրկվեց  «կրթության  բարեփոխում»-ը: Ցավոք նույն  վիճակն է սպասվում 2014-ին:  ԱԺ պատգամավորի  հարցմանն ի պատասխան,  ԿԳ նախարարի 27.03.2014թ. նամակում գրված է. «2014թ. պետական բյուջեով նախաատեստացիոն վերապատրաստումներ անցկացնելու համար  նախատեսված  գումարը հատկացվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով երաշխավորված /10/  կազմակերպությունների ցանկում ընդգրկված Կրթության ազգային ինստիտուտին:

Գիտե՞ք սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ ոչ մի լումա վերոնշյալ նպատակի համար պետական բյուջեն չի  տրամադրել, կրկնվում եմ, սակայն մեկ  անգամ  էլ  շեշտեմ` ոտնահարելով   ՀՀ օրենքը:

Ստիպված  ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետն այս հարցում էլ է արհամարհել այն օրենքը, որով պետությունը պարտավորվել է իրացնել մեր երեխաների որակյալ կրթության սահմանադրական իրավունքը, այսինքն արհամարհել է ՀՀ Սահմանադրությունը: Սա  արդեն  բնավորություն է դարձել»: