Ստեփանակերտը նույնպես Բաքվից մի շարք պահանջներ ունի: Այս մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների եւ հեռանկարների վերաբերյալ վերջին օրերի բազմաթիվ հայտարարությունները:
Վահրամ Աթանեսյանը նշել է, որ մինչեւ 1991 թ. մենք բոլորս Խորհրդային Միության քաղաքացիներ ենք եղել, չկար ոչ ադրբեջանական, ոչ հայկական քաղաքացիություն: «Երբ Խորհրդային Միությունը վերացավ որպես միասնական պետություն, Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը միութենական օրենսդրության եւ միջազգային իրավունքի հիման վրա՝ Խորհրդային Միության փաստացի եւ իրավական փլուզման պայմաններում: Ադրբեջանական ԽՍՀ-ի տեղում ձեւավորվեցին երկու անկախ պետություններ՝ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - նշել է պատգամավորը:
Նա ընդգծել է, որ այս առումով, հարցն, ըստ էության, լուծված է, մնում է հասնել միջազգային ճանաչման եւ ուղիղ բանակցությունների ճանապարհով խնդիրների լուծման: Ստեփանակերտը պատրաստ է հարցերը քննարկել Բաքվի հետ, առավել եւս, որ ղարաբաղյան կողմը նույնպես ունի պահանջներ, առաջին հերթին դրանք օկուպացված ղարաբաղյան տարածքներն են՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի հյուսիսային մասը, Մարտունիի արեւելյան մասը»,- նշել է պատգամավորը:
Ադրբեջանցի փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին հայտարարության համատեքստում պատգամավորը հիշեցրել է Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների մասին. «Միայն Բաքվում 250,000 հայեր են ապրել. Եթե համեմատենք թվերը՝ տոկոսային հարաբերությամբ Բաքվում հայեր ապրել են մի քանի անգամ ավելի շատ, քան ադրբեջանցիներ Լեռնային Ղարաբաղում», - հիշեցրել է Վահրամ Աթանեսյանը:



























