Հայաստանում 2014թ.-ի մայիսի դրությամբ գրանցված է 130 ատրակցիոն եւ կառուսել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական օգնության ազգային կենտրոնի» էսկալատորների, վերելակների, ճոպանուղիների եւ ատրակցիոնների տեխնիկական անվտանգության բաժնի փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:
130 ատրակցիոններից 83-ը Երեւանում են, 2-ն Արմավիրի մարզում, 6-ը Կոտայքում, 11-ը Լոռիում, 19-ը Շիրակում, 9-ը Սյունիքում: Մյուս մարզերում կարուսելներ չկան:
Լուսինե Հովհաննիսյանը խոսքով՝ յուրաքանչյուր վտանգավոր օբյեկտ տարեկան նվազագույնը մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձարկման է ենթարկվում: «Քանի որ կառուսելները մեծամասամբ սեզոնային են, ուստի ստուգումները հիմնականում գարնանն են անցկացվում՝ նախքան շահագործման հանձնելը»,- արձանագրում է փորձագետը:
Մինչեւ փորձարկումը պատասխանատու անձինք կամ ընկերությունները պետք է կատարած աշխատանքների մասին արձանագրություններ կազմեն, ներկայացնեն Կենտրոնին: «Օրինակ, ներկման աշխատանքներ են տարվում, ստուգվում է նաեւ ներքի հակակոռոզիոն լինելու մասին վկայագիրը: Մի շարք աշխատանքներ տարվելուց հետո նոր միայն փորձարկում են»,- նշել է Լուսինե Հովհաննիսյանը:
Փորձագետը նշել է, որ թերություններ հաճախ են հայտնաբերվում: Որոշ դեպքերում կարուսելի սեփականատիրոջը գործողությունների ծրագիր է տրամադրվում անսարքությունները վերացնելու համար: Սա նախազգուշացում է: Եթե անսարքությունները չվերացվեն, ապա փորձագետները բացասական որոշում կկայացնեն: Երեւանում 59 կարուսելի համար նման ծրագրեր են ներկայացվել, սպասում են աժկետի ավարտին վերջնական որոշում կայացնելու համար:
«Եթե անսարքությունները հնարավոր է վերացնել, իմաստ չունի կանգնեցնել ողջ ատրակցիոնը: Մենք գրանցում ենք խնդիրը, դրա վերացման դեպքում դրական որոշում ենք կայացնում»,- նշել է Լուսինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դեռեւս բացասական որոշում չեն կայացրել:
Հայաստանում կարուսելները տարբեր արտադրության են՝ խորհրդային ժամանակներից մինչեւ տեղում հավաքվածներ: «Ամեն դեպքում ամրության փորձաքննություն է անցկացվում»:
Հանրապետության օրենսդրության համաձայն՝ շահագործվող բոլոր վտանգավոր օբյեկտները պետք է գրանցվեն: Այլ հարց է չշահագործվելու դեպքում, երբ համապատասխան արձանագրություններ են կազմվում, ինչպես Ագլիական այգու երեք կառուսելները:
Խնդիրներից մեկը մի շարք բնակավայերում չշահագործվող կարուսելների առկայությունն է, որոնք ստուգումների չեն ենթարկվում: «Այդ օբյեկտների տեխնիկական վիճակի մասին տեղեկություններ չունեմ, ուստի չեմ խոսի այդ մասին»,- նշել է Լուսինե Հովհաննիսյանը:




























