NEWS.am-ը նշանակալի կրճատումներով ներկայացնում է Կարնեգիի Մոսկվայի գրասենյակի տնօրեն Դմիտրի Տրենինի` ամերիկյան «The National Interest» ամսագրում հրապարակված հոդվածը:
Մայիսի 25-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններն այդ երկրի պատմության առաջին հատվածի ավարտը նշանավորեցին: Բայց դրանով ընդհանուր պատմությունը չի ավարտվում. այն էլ ավելի է զարգանալու, եւ հավանական է` ավելի դաժան բնույթ է կրելու: Այդուհանդերձ, ընտրությունները եւ գրանցված արդյունքները Ուկրաինային, նույնիսկ ընթացիկ եւ ապագա դժվարությունների ֆոնին, լայնածավալ քաղաքացիական պատերազմից խուսափելու եւ միավորվելու մեծ հնարավորություններ են ընձեռում:
«Սառը պատերազմի» ավարտից հետո սկսված փոխգործակցության դարաշրջանը, այդպես էլ չկարողանալով Արեւմուտքի եւ Ռուսաստանի ինտեգրման հասնել, ուկրաինական ճգնաժամի ֆոնին իր մահկանացուն կնքեց: Շշմեցուցիչ շրջադարձի պատճառ դարձած ճգնաժամը նաեւ Մոսկվայի եւ Վաշինգտոնի, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ գեոքաղաքական մրցակցության, ընդհուպ մինչեւ` առճակատումների դարաշրջանի մեկնարկն է նշանավորում:
Մրցակցության գոտին կրկին անգամ Արեւելյան Եվրոպան է. «սառը պատերազմի» կռվախնձորն իր տարածքային տրամաբանությամբ ներկայումս մի փոքր դեպի արեւելք է շարժվել: Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, ինչպես նաեւ միջազգայնորեն չճանաչված Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսեթիան եւ Լեռնային Ղարաբաղը ներառող տարածաշրջանում երկրների եւ դրանց տարբեր հատվածների միջեւ բեկման գծեր են ձեւավորվել: Նրանց որոշ մասը, ինչպես, օրինակ` Վրաստանն է, դեպի Եվրամիություն են ձգտում, իսկ մյուսները, Բելառուսի նման, ռուսական կողմնորոշում ունեն: Որոշ պետություններ էլ մարտի դաշտ են դարձել: Կա նաեւ բոլորից կտրված մեկը` Ադրբեջանը: Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված «մոխրագուն» բուֆերային գոտին եւս փլուզման եզրին է:
Ռուսաստանն իր հերթին հայացքը փոխում է Եվրոպայից, բայց ոչ որեւէ այլ ուղղությամբ, այլ նախ` դեպի ներս, որպես ինքնատիպ քաղաքակրթության, որը եւ կապված է Արեւմտյան Եվրոպայի հետ, եւ անջատ: Այժմ նրա ուշադրության կենտրոնում նաեւ նախկին ռուսական կայսրության տարածքներն են, որոնք իր իսկ գլխավորությամբ տնտեսական եւ անվտանգության միություն են կազմել: Եվ վերջապես, Ռուսաստանը դեպի Չինաստան է շրջվում, որը, շատերի ընկալմամբ, պատրաստվում է համաշխարհային տնտեսական եւ քաղաքական իշխանության նոր կենտրոնը դառնալ:
Հիշատակված բոլոր փոփոխությունները լարված մրցակցության մթնոլորտում են ընթանում: Վաշինգտոնի աջակցությամբ Կիեւում տեղի ունեցած հեղաշրջման մեջ Մոսկվան Ուկրաինայի` Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավոր անդամագրման նախերգանք տեսավ: Նախագահ Պուտինը պատասխանը չուշացավ` Ղրիմում կազկամերպված հեղաշրջմամբ արդյունքում թերակղզին Ռուսաստան մաս կազմեց: Ուկրաինայի պատճառով սկսված ռուս-ամերիկյան ծեծկռտուքը «սառը պատերազմի» ավարտից հետո գերտերությունների միջեւ բացահայտ ընդհարման առաջին դեպքը դարձավ:
Նոր մրցակցության պայմաններում Եվրոպան միաժամանակ եւ խաղացող է` Ամերիկայի` Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում դաշնակցի տեսքով, եւ մրցակցության գոտի` իր առանձնահատկությունների շնորհիվ: Եվրոպացիները միանշանակ դիրքորոշում չունեն Ռուսաստանի նկատմամբ: Այն երկերները, որոնք ավելի մոտ են այդ երկրին եւ դեռեւս ուշքի չեն եկել խորհրդային դարաշրջանից, մյուսների համեմատ առավել զգուշավոր են: Բացի այդ, Ռուսաստանում փոքր շահեր ունեցող քաղաքական էլիտան, գործարար շրջանակների համեմատությամբ, առավել քննադատաբար է վերաբերվում Պուտինին: Իսկ Եվրամիության եւ ԱՄՆ-ի դեմ հանդես եկող եվրոպացիները նրան դաշնակից են համարում:
Թեկուզեւ մրցակցության գոտին հարաբերականորեն փոքր տարածաշրջանով է սահմանափակվում, այն կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ողջ աշխարհի համար:





























