Ասֆալտապատումը Երեւանի քաղաքապետարանի կողմից ամենասիրված միջոցառումներից մեկն է: Եթե միայն այնքան էլ չմաշված ճանապարհային եզրաքարերի փոփոխությունը հաշվի չառնենք: Միայն թե նոր փռված ասֆալտը մի կարճ ակնթարթ է ավտոմեքենավարներին հաճույք պատճառում: Շուտով թարմ շերտի վրա ճաքեր, հետո` փոսեր, իսկ ամենավերջում էլ` «խրամատներ» են հայտնվում: Բացի այդ, ճանապարհային ծածկույթը պետք է կողաթեքում ունենա` ջրահեռացման համար: Իսկ մեզ մոտ ասֆալտը ոնց պատահի, այնպես էլ փռում են, արդյունքում` անձրեւից հետո լճակներ են հայտվում:
Հաջորդ հարցը ասֆալտաշերտի հաստությունն է: Այն բակերի համար նվազագույնը 4-5 սանտիմետր պետք է կազմի: Եվ այն էլ` նվազագույնը: Բնականաբար, ինտենսիվ երթեւեկությամբ փողոցներն ասֆալտապատելիս անհամեմատ մեծ հաստություն պետք է ընտրել: Իսկ թե ինչ է մեզ մոտ արվում` անզեն աչքով է տեսանելի: Հասկանալի է, որ շերտի թեկուզ 1 սմ-ով կրճատումը ողջ աշխատանքների համատեքստում միջոցների հսկայական «խնայողությունների» է բերում:





























