Հայաստանը պետք է Թուրքիային ուղիղ, չմիջնորդավորված երկկողմ քննարկումների օրակարգ առաջարկի, իսկ խորհրդանշական փոխայցելությունները, սովորաբար, բովանդակազուրկ են եւ ծառայում են դրանք նախաձեռնողների ու մասնակիցների քաղաքական գովազդն ապահովելու գործին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Որքանո՞վ եք կիսում Լեւոն Տեր Պետրոսյանի վերջին հոդվածում արտահայտված այն տեսակետը, որ «Հայաստանը Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով»: Եւ ինչ պետք է անել նման զարգացումից խուսափելու համար:

Պետությունների ցանկացած միավորում որոշակի հիերարխիականություն ունի: Սա օբյեկտիվ իրողություն է, անկախ այն հանգամանքից, որ այդ կարգի միավորումների հիմնարար փաստաթղթերից եւ ոչ մեկում, սովորաբար, պետությունների անհավասարությունն ամրագրող դրույթներ չեն լինում: Միակ բացառությունն այդ առումով , թերեւս, ՄԱԿ-ի կանոնադրությունն է, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներին օժտում է ավելի լայն իրավասություններով, քան ՄԱԿ-ի մնացյալ անդամ-պետություններին: Երբեւէ խոսք չի եղել այն մասին, որ ՄԱԿ-ին անդամակցում ենք ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, թեեւ, փաստորեն, անվտանգության խորհրդի անդամ պետությունների համեմատ եւ Հայաստանը, եւ բոլոր մնացյալ պետությունները ՄԱԿ-ում հենց այդ կարգավիճակն ունեն:

Եվրամիության շրջանակներում եւս կան Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, որոնք մնացյալ անդամներին պահվածք են թելադրում: Այլ խնդիր է, որ մեր պետական կառավարման համակարգի ներկայիս որակները թույլ են տալիս պնդել, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքական վարքագիծ դրսեւորելու ներուժն առհասարակ այժմ չունի, անկախ նրանից, թե միջպետական որ կազմակերպության շրջանակներում գործելակերպին է խոսքը վերաբերում: Մինչեւ ինքներս որակապես չփոխվենք, չենք կարողանա փոխել այլոց վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին ու Ծառուկյանին առաջարկում է «ՀՀԿ-ի հետ «ախպերավարի» կիսել խորհրդարանական մանդատները եւ հաշտ ու խաղաղ տիրել Հայաստանին» ապա վստահություն հայտնում, որ Ծառուկյանը կուլ չի տա այդ խայծը: Որքանո՞վ եք հիմնավոր համարում նման վերլուծությունը եւ արդյոք ԲՀԿ-ի վերաբերյալ Տեր Պետրոսյանի դիրքորոշումը բավարար չափով հիմք ունի:

Սա հստակ էր դեռ վերջին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ իշխանական կոալիցիան հանձինս ԲՀԿ-ի ու «Դաշնակցության» ձեւավորեց նոր բեւեռ, որին պաշտոնապես ընդդիմություն ճանաչեց ՀՀԿ-ՕԵԿ զույգը: Դրա շնորհիվ խորհրդարան մտած փողոցի ընդդիմադիր իրական զանգվածը ներկայացնող ՀԱԿ-ը հայտնվեց շատ երկիմաստ վիճակում եւ ստիպված էր ուղիներ փնտրել այդ նոր բեւեռի հետ համագործակցելու միջոցով առավել ազդեցություն ձեռք բերել ԱԺ-ում: Առայժմ այն տպավորությունն ունեմ, որ այս ամենը նպատակ ուներ ՀԱԿ-ին պարտադրել իշխանության խաղի կանոնները եւ չեզոքացնել ու մաշել վերջինիս ուժերը, կտրել նրան փողոցում մնացած աջակիցներից:

Որքանով են իրատեսական պնդումները, թե Սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը մտադիր է հավերժ զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը՝ նկատի ունենալով ՀՀԿ-ի միահեծան իշխանությունը:

Ես կարծում եմ, որ նա անկեղծ էր, երբ հայտարարեց, որ չի պատրաստվում կրկին ստանձնել ՀՀ բարձրագույն գործադիր պաշտոնը: Ժամանակը ցույց կտա, թե որքանով հավատարիմ կմնա իր տված խոստմանը:

Լեւոն Տեր Պետրոսյանը չի բացառում, որ Թուրքիայի նախագահն իսկապես կարող է ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը եւ 2015-ի ապրիլի 24-ին այցելել Հայաստան եւ նույնիսկ պսակ դնել Եղեռնի հուշարձանին: Որքանով եք հնարավոր համարում դեպքերի այդպիսի զարգացումը եւ արդյոք դա վտանգավոր է Հայաստանի համար:

Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ինքը Թուրքիային ուղիղ, չմիջնորդավորված երկկողմ քննարկումների օրակարգ առաջարկի: Խորհրդանշական փոխայցելությունները, սովորաբար, բովանդակազուրկ են եւ ծառայում են դրանք նախաձեռնողների ու մասնակիցների քաղաքական գովազդն ապահովելու գործին: Հայ-թուրքական հարաբերությունները հանգամանալից ու հանգիստ քննարկման կարիք ունեն եւ լուրջ վերաբերմունքի դեպքում այդ գործընթացը տեւական է լինելու:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am