NEWS.am-ը շարունակում է «Հայաստանն Արիանայի աչքերով» նախագիծը։ Արիանա Կաոիլին պատմում է Հայաստան կատարած բազմաթիվ այցելությունների, երկրում ապրելու եւ աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին:

Հայաստանի գույնը. Ռենեսա՞նս, թե՞ դեֆիցիտ

Մի քանի ամիս առաջ որոշեցի գնալ մի տեղ, որն ինձ գաղտնի ընկերակցության հանդիպման վայր էր թվում: Դա հանգիստ վայր էր՝ Վերնիսաժից ոչ հեռու գտնվող նկուղային հաստատությունում, որտեղ Կոմիտասը պատից խստահայաց դիտում էր, թե ինչպես են տարօրինակ էակները դոփում փայտե հատակին, որը նման էր նախապատերազմական ժամանակաշրջանի կաբինետային խորհրդակցության:

Ամեն ինչ բավական անմեղ սկսվեց. Գլուխները խոնարհելով եւ ձեռք ձեռքի բռնած՝ ասես աղոթելով, մարդիկ սկսեցին կուտակվել եւ շրջանաձեւ բացվել դեպի դուրս, ինչպես վարդն է բացվում: Վերաճելով շրջանի եւ ընդգրկելով դահլիճի հեռավոր ծայրերը՝  զանգվածային կոպիտ շարժումը րոպե առ  րոպե ավելի բարձր դարձավ, ավելի կոպիտ եւ ավելի արագ:

Երբ ընկերս խորհուրդ տվեց այցելել այդ «պարասրահ», որտեղ հայկական պարեր են սովորեցնում, ակնկալում էի տեսնել պարի դպրոցին բնորոշ ատրիբուտներ՝ մաքուր լաքապատ հատակ, բալետի տրիկոներով մարդկանց եւ ֆիթնեսի սիրահարների՝ գեղեցիկ կեցվածքով: Ոչ մի նման բան. ջինսերով եւ մարզաշապիկով դեռահասներ էին:

Այս անսովոր «պարի դասը» սկսվեց բանաստեղծության ընթերցմամբ, որը նվիրված էր Արցախյան պատերազմի  հերոսներին: Այնուհետ հաջորդեց բանավոր պատումը «սխալ գյուղի» վրա հակառակորդի հարձակման մասին, որից սերել էին Երկրորդ աշխարհամարտի 27 գեներալ եւ 2 մարշալ: Պարի խմբի առաջատարներից մեկը վստահ հայտարարեց (դա ուղեկցվեց հետին պլանում քաջալերող թմբկահարությամբ), որ «այդ գյուղ մտնելն ու իրենց արձանները կանգնեցնելը սխալ քայլ էր… եւ եթե մենք չպայքարենք, թշնամին իր արձանները կկանգնեցնի ողջ երկրով մեկ»: Այդ պահին ես հասկացա հայկական պարի արմատները՝ անմեռ կամք եւ վերապրման բերկրանք:

Սա հավանաբար այդպես է, թեեւ պարերը անցյալ դարերում են առաջացել, ինչպես եւ «մանո-մանո» տեխնիկան: Սա մի փոքր նման է բրազիլական կապոեյրուին, որը նույքան մարտարվեստ է, որքան եւ պար, սակայն հայկական տարբերակը էլեգանտ չէ, ավելի պարզ է եւ մի փոքր կոպիտ՝ բնույթով ագրեսիվ, բայց այն պարում են ժպիտով եւ ավարտում խմբակային գրկախառնություններով: Հայկական ոգուն հավատարիմ՝ տղամարդիկ պարում էին (կամ պայքարում) զույգերով:

Այս պատերազմ հիշեցնող իրավիճակում տարօրինակ կլիներ երեխաների տեսնելը, սակայն նրանք ամենուր էին: Հնարավոր է՝ Վիլյամ Սարոյանը հայության ոգու մասին էր գրում, երբ «Մարդկային կատակերգությունում» նրա պերսոնաժ Թոմաս Սփենգլերը (հեռագրային գրասենյակի կառավարիչ, որտեղ աշխատում էր պատմության հերոս Հոմեր Մակաուլեյը) նշում է, որ Իթաքայի հայերը ունեն հստակ առաջնահերթություններ. «Նրանք հավատում են Աստծուն եւ երեխաներին»:

Ես տեւական ժամանակ ապրում էի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում՝ «Ալտե-Օպեր»-ից քիչ հեռու, որտեղ ես ամեն շաբաթ համերգ կամ օպերա էի հաճախում: Կանբերա տեղափոխվելով՝ ես ասես շնչահեղձ էի լինում մշակութային խթանների (կենդանի երաժշտության եւ թատրոնի պլանում) գրեթե լիակատար բացակայությունից: Բայց Երեւանում այդպես չէ, արվեստն ամենուր է.  փողոցային որմնանկարներում, տասնյակ ջազ-ակումբներում, շատ թատրոններում:

Այստեղ գտնվելուս օրվանից վայելում եմ արվեստի բեմերը, այդ թվում՝ Խաչատրյանի շատ ստեղծագործություններ եւ նրա «Սպարտակ» բալետը (կա՞ արդյոք ականջին ավելի հաճո մեղեդի, քան «Սպարտակի եւ Փռյուգիայի ադաջիոն»): Բացի այդ, ներկա եմ գտնվել մի քանի հազվագյուտ գործերի կատարմանը, ինչպիսին օրինակ Ռախմանինովի «Ալեքոն» էր, որտեղ հիասքանչ գեղեցկուհի եւ համոզիչ Լիլիթ Սողոմոնյանը Զեմֆիրայի դերակատարն էր:

Ես նույնպես զբաղվում եմ արվեստով, թեեւ՝ այլ տեսակի. ազատ ժամանակ պարում եմ «Պարահանդես» նախագծում: Պարի իմ պրոֆեսիոնալ զուգընկերը միշտ համբերատար Սուրեն Մխիթարյանն է, որի համեստ եւ ամաչկոտ տեսքը քողարկում է հյութեղ եւ զարմանալի կիրքը՝ մելանխոլիկ ճշմարտության երանգով:

Նա մեծ սեր է ներդնում պարի ուսուցման մեջ, որը կառուցված է սյուրռեալիստորեն՝ հիմնված ինտենսիվ ռիթմերի եւ բացարձակ անկյունների վրա: Ի դժբախտություն  իրեն՝ նա ստիպված է հաջորդ մի քանի շաբաթն ինձ հետ պարել (եթե, իհարկե, թանկագին ընթերցողներս քվեարկեն):

Իմ անհամեստ ակնարկն ավելի հասկանալի կանեմ. ամեն կիրակի ժ. 19:50-ին «Շանթ» հեռուստաալիքով դիտեք եւ քվեարկեք իմ օգտին:

Աբրահամ Մասլոուի պահանջմունքների հիերարխիայում արվեստն ու գեղագիտությունը ներառված են սեփական արժանապատվության եւ ինքնադրսեւորման արանքներում՝ ֆիզիոլոգիական եւ տնտեսական պահաջմունքներից հետո: Մի՞թե արվեստն ընդամենը հաճույք է արտոնյալ փոքրամասնության համար: Չէ՞ որ փաստը մնում է փաստ, որ շատերն ի վիճակի չեն(եւ ժամանակի, եւ փողի առումով)  իրենց նման ճոխություն թույլ տալ:

Դասական երաժշտությունն ու արվեստն ընդհանրապես առանց դոտացիայի չեն կարող գոյատեւել: Դա եկամտաբեր զբաղմունք չէ: Կրթության ֆինանսավորմանն առաջնահերթություն տալը  ամենից հեշտն է, բայց արվեստի համար գումարը չպետք է առաջին հերթին կրճատվի, թեեւ ամբողջ աշխարհում սա ամենաառաջին ոլորտներից է, որ տուժում է:

Հայաստանի նման գծուծ բյուջեով երկրում աշխատանքի առյուծի բաժինը դրվում է բարեգործական ընկերությունների եւ ոչ կառավարական միավորումների ուսերին: Բայց ինչո՞ւ գումար ներդնել արվեստում:

Ապացուցենք, որ մենք ապրում ենք այն գիտակցմամբ, որ կարող ենք զգալ, ապրել բոլոր տեսակի զգացմունքները: Երբ պարում ես, կարող ես սիրահարվել մեկուսացած հաճույքի մի քանի րոպեներում, իսկ երբ նայում ես կտավին, ցանկանում ես մի պահ տեղափոխվել այլ աշխարհ: Այդ պահերը ստիպում են  մեզ ողջ զգալ, կյանքի իմաստ են հաղորդում, աշխատելու պատճառ տալիս, քանի որ մենք աշխատում ենք նման գեղեցկությունը վայելելու առավելություն ստանալու համար: Սա մեր ամենօրյա չարքաշ ստրկական արահետի խավար թունելի վերջում ցոլացող լույսն է:

Եվ ես արվեստի մասին չեմ խոսում հիասթափության տեսանկյունից, ինչպես Մարքսն էր ընկալում: Գաղափարը, որ մշակութային գործունեությունը ծառայում է կյանքի տաղտուկից շեղելու համար, առանցքային տեղ ուներ Ֆրանկֆուրտի դպրոցի սոցիոլոգիայում: Հաճույքները ձերբազատում են անորոշությունից եւ ապագայի, աշխատանքի տեղավորման հեռանկարների մասին անհանգստությունից: Հերբերտ Մարկուզեն մարդու մասին ասել է. «Հաճույքների ամենակուլ մեքենան նրան միավորում է այլոց հետ՝ անեսթեզիայի վիճակում»: Բայց ինչ վատ բան կա արվեստով մխիթարվելու մեջ: Ես կասեի, որ վեհի եւ գեղեցիկի փնտրտուքը  ծնվում է անհատականորեն, ներքուստ, այլ ոչ թե որոշակի դասակարգի մտահղացմամբ՝ այլոց հնազանդեցնելու նպատակով:

Մարդիկ տենչում են այն խորությամբ, հատկապես բավական տարեց իմ ընկերները, որոնք խորհրդային ժամանակներում են ապրել, ավելի մեծ կարիք են զգում: Ես անգամ կասեի, որ նրանք ավելի մեծ սիրով տրվում են հիշողությունների գեղարվեստի շատ դպրոցների եւ «ճաշակով» արվեստի մասին, որը, թվում է, վերացել է (թեեւ իհարկե, շատ նկարիչներ, ինչպես օրինակ փայլուն եւ գունագեղ Հարություն Կալենցն էր, խորհրդային իշխանության կողմից միանգամայն այլ վերաբերմունքի են արժանացել՝ ի տարբերություն Մարտիրոս Սարյանի՝ նա նկարիչների խորհրդային շրջանակում ընդունված չէր):

Խորհրդային համակարգը հնարավորություն էր ընձեռում ստեղծել դպրոցներ, որտեղ կրթում էին մեծ արտիստների: Ցավոք, այդ կանայք ու տղամարդիկ արտերկիր են մեկնել ավելի լավ կյանքի ակնկալիքով՝ Հայաստանի երիտասարդությանը թողնելով առանց առաջնորդների:

Դրա տխուր օրինակն է (համարեք կորուստ Հայաստանի համար)  Արտո Չաքմաքչյանը, որը Կալենցի սիրելի քանդակագործն էր: Նրան հանձնարարվել էր կերտել Կոմիտասի արձանը:  Արձանը նա կերտեց, բայց նրա մեկնաբանությունը  խորհրդի ծայրահեղ արձագանքին արժանացավ (Նա Կոմիտասին քանդակել էր հոգեւորականի սքեմով, ոչ թե կոստյումով): Արձանը ջարդուփշուր էր արվել եւ կիտվել Արտոյի տան շեմին: Հետեւա՞նքը: Նա հեռացավ Կանադա եւ հաջողությունների հասավ. այսօր նրա հեղինակած արձանները կարելի է տեսնել Եվրոպայի  եւ Հյուսիսային Ամերիկայի խոշոր քաղաքներում:

Առանց փորձառու պիոներների, որոնք անհրաժեշտ են երիտասարդներին երաժշտական նրբությունները սովորեցնելու համար (ոչ թե թեթեւ փոփի,որն ավելի շուտ նողկալի հանցանք է  ընդդեմ նրանց, ովքեր խոր ներաշխարհ կամ «նամուս» ունեն), Հայաստանի գեղարվեստական ավանդույթի կայունությունը սպառնալիքի տակ է: Չնայած տաղանդավոր եւ առողջ դասական վիրտուոզությանը, տեղական շատ գեղարվեստական հաստատություններին չեն  բավականացնում փորձը եւ ռեսուրսները. Նրանք աշխատում են իբրեւ տեղեկատվական սիլոս՝ իրենց գեղարվեստական ձեւերում չընդգրկելով խոր տեսություն եւ գլոբալ նորարարություններ:   

Այլ հարց է ծագում՝ ո՞ր արվեստում է պետք ներդրում անել՝ «մշակութապահպանության» գործում, թե՞ «քրտնքահոտ զանգվածների» շրջանում պոպուլյար գործունեությունում: Սա ինձ դրվագ է հիշեցնում «Այո, պարոն նախարար» սատիրիկ սերիալից, որտեղ ցնցված նախարարը իր մշտական տեղակալ սըր Հեմֆրիին բողոքում է, որ արվեստը միայն կրթված միջին եւ բարձր խավի համար է, որը հիանում է կերպարվեստով, որով ուրիշները հետաքրքրված չեն եւ պարզապես չեն կարող իրենց թույլ տալ: Սակայն սըր Հեմֆրին արդարացիորեն պնդում է, որ մշակութային հաստատությունները, ինչպիսին Քովենթ Գարդենի Թագավորական թատրոնն է,չեն կարող գոյություն ունենալ առանց սուբսիդիաների, իսկ տարածված գործունեությունում  պոպուլյար բնագավառում գումար ներդնելը, օրինակ ֆուտբոլում (ինչն էլ փորձում է անել նախարարը), «բարբարոսություն կլինի», քանի որ «սուբսիդիաներն արվեստի, մշակույթի համար են»:

«Դրանք պետք չէ մատուցել այն բանի համար, որ մարդիկ են ցանկանում: Դրանք այն են, ինչ մարդիկ չեն ուզում, բայց պետք է ունենան»:

Կատակը մի կողմ, մենք պետք է ավելի շատ խորագիտակ եւ կայացած նկարիչների հրավիրենք Հայաստան: Պիկասոն մի անգամ Քոչարին ասել էր, որ ինքը վախենում է ժամանակից: Քոչարն էլ պատասխանել էր, որ ժամանակը նրա միակ հույսն է: Կարծում եմ՝ Հայաստանի արտիստները կհամաձայնեն:

Շատ բարդ է վերադարձնել  (որպես ուսուցիչ) մշակութապես զարգացած արտիստներին, ովքեր մեծ ճանաչվածության էին հասել խորհրդային շրջանում: Բայց ժամանակի հետ մենք կարող ենք մեր ամուր հիմքի վրա զարգացնել գեղարվեստական մշակույթը՝ հրավիրելով աշխարհահռչակ նկարիչների (այդ թվում՝ հայ հայրենադարձների), այսպես մենք չենք խրվի անցյալում: Եվ մենք կարող ենք երիտասարդության համար ապահովել մասնագիտական դաստիարակություն եւ ոգեշնչում: Սա տեղի է ունենում Երեւանի ջազային բեմում, եւ սա պետք է տարածվի արվեստի բոլոր տեսակների վրա: 

Գեղագիտական եւ գեղարվեստական դրսեւորումների միջոցով մենք կարող ենք հագեցնել ամեն խորհրդավորի, եթերայինի, մշտագոյի եւ ռոմանտիկի հանդեպ մեր ծարավը: Սա անհրաժեշտ է մեր կյանքը լույսով լցնելու եւ մեր մշակույթի գույները պահպանելու համար: Մի փոքր խորհեք այս մասին. Այս պահանջմունքները հազիվ թե բավարարվեն էժանագին փոփով կամ սոցիալական մեդիաներով:

Արվեստը մեր մարդկայնությանն օրհնություն  ներշնչող գույնն է, որն իրոք հիասքանչ է: Այլընտրանք են թեթեւամիտ զբաղմունքները, օրինակ՝ համացանցում հասանելի անիմաստ աղբը, հիմար չարչիությունը եւ հաճույքների հետեւից անիմաստ մրցավազքը: Մենք բոլորս ինչ-որ բանի ստրուկն ենք: Ուրեմն թող արվեստը դառնա այն, ինչը մեզ թույլ կտա հանգստանալ «առնետավազքից»:

Արիանա Կաոիլի

Հոդվածի անգլերեն բնօրինակը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ: