Երբ մենք Եվրախորհրդարանի կողմից ԼՂ հարցի վերաբերյալ ոչ հայանպաստ բանաձեւի ընդունումը կապում ենք այդ բանաձեւը ներկայացրած անձի ադրբեջանամետ լինելով, դրանով մենք արժեզրկում ենք Եվրախորհրդարանի կողմից նախկինում ընդունած մյուս որոշումները: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից ԼՂ խնդրի վերաբերյալ ընդունած 1622 բանաձեւին, կարծիք հայտնեց «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը:

«Եվրախորհրդարանի բանաձեւերը պատահական չեն ընդունվում եւ արտահայտում են տվյալ ժամանակաշրջանում ղարաբաղյան բանակցությունների եւ այն փաստաթղթի տրամադրությունները, որոնք դրված են սեղանին: Այսինքն այն, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ բանաձեւը ներկայացնող բուլղարացի պատգամավոր Կիրիլովը թուրքամետ ու ադրբեջանամետ է, դրա համար են նման բանաձեւեր ընդունվում, իմ կարծիքով այդպիսի բացատրությունն անլուրջ է եւ ինչ որ տեղ արժեզրկում է Եվրախորհրդարանի ընդունած մյուս բանաձեւերը, որը մենք սիրով մեջբերում ենք»,- կարծիք հայտնեց նա, հիշեցնելով, որ նույն Եվրախորհրդարանը 1997-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել, իսկ 1999-ի գարնանը` նաեւ ԼՂ վերաբերյալ բանաձեւ, որտեղ որեւէ դրույթ չկա տարածքներ հանձնելու վերաբերյալ:

«Այս բանաձեւն ուղղակիորեն արտահայտում է մադրիդյան նորացված սկզբունքները եւ այդ ֆոնի վրա է այն ընդունվել: Այսինքն այդ մարդիկ, ովքեր գրել են, այս բանաձեւը, անպայման կարդացել են կամ տեղյակ են եղել նորացված սկզբունքներին: Այս բանաձեւը հակասում է Հայաստանի պետական շահերին, բայց դա արտացոլումն են սեղանին դրված փաստաթղթի»,- ընդգծեց Թ. Հակոբյանը, հավելելով, որ սա կարելի է համարել մեր արտաքին քաղաքականության ձախողման վկայություն, որի պատճառներից մեկն էլ այն, է, որ ՀՀ արտաքին քաղաքականություն իրականացնողները տարվել էին հայ-թուրքական գործընթացով եւ անտեսել մյուս ուղղությունները:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի 2216 բանաձեւում նշվում է, որ հայկական ուժերը անհապաղ պետք է դուրս բերվեն Ադրբեջանի «գրավյալ տարածքներից»: