Քաղաքականության մեջ, ինչպես եւ խոհանոցում, փորձ եւ հմտություններ են անհրաժեշտ՝ քաղաքական գործընթացներում համեմունքների ճիշտ չափաբաժինների օգտագործմամբ ուտեստ ստանալու համար: Արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական խոհարարները տիրապետում են նման հմտությունների: Այս եւ քաղաքական խոհանոցի այլ նրբությունների մասին NEWS.am-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

Ձեր կարծիքով, հայկական խորհրդարանում տեղի ունեցածն ի՞նչ ուտեստի է նման:

Աջափսանդալի: Դա հայկական ավանդական ուտեստ է, որում կա ձեռքի տակ եղած ամեն ինչ: Խառնում ես լավն ու վատը, շատ երկար եփում ես, որպեսզի վատ հոտերն անցնեն, եւ մատուցում ես: Բայց այս ուտեստի հետ անպայման հարկավոր է ալկոհոլ օգտագործել՝ վատ համերը չեզոքացնելու համար:

Արդեն մի քանի տարի ժողովուրդը հարկադրված բավարարվում է այս աջափսանդալով: Ինչ եք կարծում, ժողովուրդը չի՞ հոգնել այդ ուտեստից:

Ժողովուրդը լավ սնունդ չունի, դրա համար էլ ստիպված է լինում բավարարվել գոյություն ունեցող մթերքով: Իսկ ուրիշ ի՞նչ է մնում անել: Եթե ընտրությունների ժամանակ ժողովուրդը դադարի վերցնել առաջարկվող 5 հազար դրամը, ապա քաղաքական որակյալ ուտելիք կուտի: Մինչեւ 1999 թվականը Հայաստանի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը մտավորականության ներկայացուցիչներ էին: Այն մտավորական խորհրդարան էր, որտեղ այնպիսի մարդիկ կային, ինչպիսիք են Հրանտ Մաթեւոսյանը, Վարդգես Պետրոսյանը, Անահիտ Բայանդուրը, Ռաֆայել Իշխանյանը: Ես բարձրաձայնում եմ նրանց անունները եւ մարմինս փշաքաղվում է, քանի որ նրանք մարդիկ էին, ովքեր իրենցից արժեք էին ներկայացնում: Ես կարող եմ շարունակել նման մարդկանց անուններ նշել: Իսկ հիմա ասացեք ներկա խորհրդարանականների անուններ, բայց որպեսզի այդ անելիս ձեր մարմինը փշաքաղվի:

Զրուցեց՝ Մարիա Ասատրյանը

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի