Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել Պոդոլսկի մոտ ուղեւորատար ավտոբուսին բախված «ԿԱՄԱԶ»-ի վարորդ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:

Դատավճռում ասվում է, որ ամբողջովին ապացուցվել է մեղադրյալի մեղքը երթեւեկության կանոնների եւ տրանսպորտային միջոցի շահագործման խախտման մեջ:

Իր վերջին խոսքում Հրաչյա Հարությունյանը ընդգծել է, որ խորապես զղջում է պատահածի համար եւ ցավակցում այս ողբերգական իրադարձության հետ կապված մարդկանց:

Հարությունյանի խոսքով՝ եթե նա հնարավորություն ունենար վերադառնալ այդ օրը, «ամեն հնարավոր բան կաներ բախումից խուսափելու համար»:

Ավելի վաղ Դմիտրի Սուխորովը միջնորդել էի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ՝ որպես պատիժ՝ սահմանել 7 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում, ինչպես նաեւ 3 տարով զրկել տրանպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Բացի այդ, վթարից զոհվածների հարազատները Հարությունյանից 16 մլն ռուբլի են պահանջում: Բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման քաղաքացիական հայց են ներկայացրել 6 տուժողներ:

Մեղադրյալը դրանք մասնակիորեն է ճանաչել, սակայն նա համաձայն չէ գումարների չափերի հարցում, այդ մասին հաղորդել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Հայաստանի քաղաքացին կալանավորվել է 2013թ. հուլիսին: Իր մեղքը նա լիովին ընդունել է:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում: Հարությունյանի վարած «ԿամԱԶ»-ը բախվել էր ուղեւորափոխադրող ավտոբուսի, ինչի հետեւանքով մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ:

Քննությունը պարզել էր, որ բեռնատարի արգելակները վատ են աշխատել: