Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա բանտարկության դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատները շատ են ցանկանում, որ վերջինս իր պատիժը կրի Հայաստանում:

NEWS.am-ի հետ զրույցում Պոդոլսկի մոտ ուղեւորատար ավտոբուսին բախված «ԿԱՄԱԶ»-ի վարորդի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, նշեց, որ դեռ փաստաբանի հետ չեն խոսել եւ իրենց հետագա անելիքները չգիտեն:

«Տեղյակ չենք ոչնչից, փաստաբանը երեկվանից անհասանելի է: Մեծ սիրով կցանկանայինք, որ Հայաստանում կրի պատիժը Հրաչյան: Ամեն դեպքում էսքան տարին շատ է, բա ի՞նչ է: Սպասում ենք՝ տեսնենք, թե հայրիկս ինչ կարող է անել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իրենք նույնիսկ ֆինանսական հնարավորություններ չունեն Մոսկվա մեկնելու եւ գոնե Հրաչյա Հարությունյանին կալանավայրում տեսակցելու:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում: Հարությունյանի վարած «ԿամԱԶ»-ը բախվել էր ուղեւորափոխադրող ավտոբուսի, ինչի հետեւանքով մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ: Քննությունը պարզել էր, որ բեռնատարի արգելակները վատ են աշխատել, եւ Հարությունյանը տեղյակ է եղել այդ մասին: