Ռուսաստանում՝ իշխանության ներսում նախագահի աշխատակազմի եւ վարչապետի միջեւ լուրջ հակասություն կա եւ չի բացառվում, որ առաջիկա մեկ ամսում Մեդվեդեւը պաշտոնից հեռացնի վարչապետ Պուտինին: Հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՌԴ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:
«Իրականում գոյություն ունի Պուտին-Մեդվեդեւ հակասություն։ Անկարա այցի ժամանակ Մեդվեդեւն ամեն ինչ արեց, որ Թուրքիային ներքաշի տարածաշրջան, ամեն ինչ արեց, որպեսզի Ղարաբաղում Թուրքիան ակտիվ դերակատարություն ունենա։ Մեր տեղեկություններով՝ շատ հավանական է, որ մեկ ամսվա ընթացքում կամ մինչեւ աշուն Մեդվեդեւը կազատի Պուտինին վարչապետի պաշտոնից»,- ասաց նա ու հավելեց. «Խնդիրը խորքային է եւ կախված է նաեւ նրանից, թե ինչպիսի հրահանգ կստանա Մեդվեդեւը Վաշինգտոն եւ Կանադա կատարած այցերի ժամանակ»:
Ավելին. քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանում եւս իշխանությունը բաժանված է երկու թեւի, որոնցից մեկն աշխատում է Մեդվեդեւի, մյուսը` Պուտինի հետ: Կա նաեւ երրորդ թեւ, որն աշխատում է մասոնական օթյակների հետ: «Նրանք բոլորն էլ մտածում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց մասին։ Մեկը մտածում է, թե ինչպես պահի իշխանությունը, մյուսը՝ ինչպես գա իշխանության»,-նշել է Արայիկ Սարգսյանը:
Անդրադառնալով ռուս-թուրքական մերձեցմանը, նա դա վտանգավոր է համարել Հայաստանի համար: «Մեդվեդեւը Ղարաբաղը տվեց Թուրքիային, իսկ Պուտինը փորձեց կանգնեցնել՝ հասկանալով, որ եթե Կովկասում «ստատուս քվոյի» փոփոխություն տեղի ունենա, դա կբերի ո՛չ միայն Հայաստանի համար Ղարաբաղի կորստին, ո՛չ միայն Ադրբեջանի համար Նախիջեւանի կորստին, այլեւ կհանգեցնի Հյուսիսային Կովկասում պատերազմական գործողությունների վերսկսման, որը ռուսների համար թիվ 1 խնդիրն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Մեդվեդեւը Անկարայում հայտարարել էր, որ ՌԴ-ն կօգտագործի իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ԼՂ հարցում առաջընթացի հասնելու համար, իսկ դրանից 2 շաբաթ անց Պուտինը, դարձյալ Անկարայում, հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կողմերի վրա ճնշում գործադրելը որեւէ հարց չի լուծի:




























