Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այն խնդիրը չէ, որ գրչի մեկ հարվածով հնարավոր լինի լուծել՝ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կարելի է սպասել: «ԼՂ խնդիրը այն հարցը չէ, որ գրչի մեկ հարվածով, կամ սեղանի շուրջ նստելով-զրուցելով-պայմանավորվելով հնարավոր լինի լուծել։ Դա մի բարդ գործընթաց է, քանի որ ԼՂ-ում ապրում է մի ժողովուրդ, որն իր կամքն է արտահայտել թե՛ հանրաքվեի, թե՛ նաեւ վերջերս տեղի ունեցած ընտրությունների միջոցով՝ օրինական ձեւով ձեւավորելով իշխանություն։ Չնայած այն փաստին, որ որեւէ երկիր չի ճանաչել այդ ընտրությունները, այնուամենայնիվ, այնտեղ ժողովուրդ է ապրում, որն էլ որոշելու է իր ճակատագիրը»:
Մյուս հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ եռակողմ հանդիպումը ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացի հետագա ընթացքի վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Չնայած Ադրբեջանը մշտապես ռազմատենչ ու ամպագոռգոռ հայտարարություններ է անում, սակայն այդ երկրի նախագահ Ալիեւն իր երկու մետրանոց բոյով ու գլուխը կախ կրկին նստում է բանակցային սեղանի շուրջ եւ լսում է ներկայացվող առաջարկությունները։ Նրա այդ հայտարարություններն ինձ հիշեցնում են այն մարզիկներին, ովքեր ռինգից դուրս հայտարարում են, թե նոկաուտի են ենթարկելու հակառակորդին, սակայն վերջում պարտվում են։ Սա հումորով, իսկ եթե ավելի լուրջ, ապա ես վստահ եմ, որ Ադրբեջանը, ի դեմս ալիեւական տոհմի, նման ռազմատենչ հայտարարություն է անում, որպեսզի լուծի իր իշխանության երկարակեցությունը»:
Հովհաննես Սահակյանն ասաց նաեւ, որ եթե Ադրբեջանը կես տոկոս շանս ունենա հաղթելու ամենափոքր ճակատամարտում, ապա անմիջապես կանցնի պատերազմական գործողությունների՝ հաշվի չառնելով ընթացող բանակցային գործընթացն ու միջազգային հանրության կարծիքը։ «Ես վստահ եմ, որ ադրբեջանցիներն էլ պատրաստ չեն պատերազմի, քանի որ՝ ինչի՞ համար պիտի կռվեն։ Ւսկ Արցախի ժողովուրդը, եթե կրկին պատերազմ սկսվի, կռվելու է իր պատմական հայրենիքի համար»,-նկատեց Սահակյանը՝ միաժամանակ հավելելով, որ Ադրբեջանի կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները բացառապես ներքին սպառման համար են։




























