ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի 4 աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Մ.Հայրապետյանին, Գ. Դավթյանի եւ Գ. Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:


























