«Միջազգային ծրագիր իրականացնող դպրոցների ստեղծումը մի բան է, օտար լեզվով դպրոց ստեղծելը այլ բան: Այս երկուսը պետք է տարբերակել»,- NEWS.am-ի թղթակցին օտարալեզու դպրոցների հիմնադրման արտահերթ քննարկման առնչությամբ ասել է ԿԳ նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: Նախկին փոխնախարարի խոսքով՝ հասարակության բացասական արձագանքը ամեն դեպքում ազդեցություն ունեցել է այս նախագծի վրա, առաջին տարբերակի հետ համեմատած այն էական փոփոխություններ է կրել:
«Այն մտահոգությունները, որ կային հասարակության մեջ, որոշ չափով հաշվի են առնվել, բայց սկզբունքային հարցը այնուամենայնիվ չի փոխվել, այսինքն՝ այսօր հնարավորություն կա՞ Հայաստանում հայերեն լեզվով որակյալ, միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալ, թե՞ ոչ: Թե՞ ուղղակի ասում ենք սահմանափակ թվով դպրոցներ կստեղծենք, որ որակյալ կրթություն տանք օտար լեզվով: Սա ամենասկզբունքային հարցն է, որը կարծում եմ՝ նախագծի մեջ լուծված է ոչ հօգուտ հայերենի»,- նշել է Եսայանը՝ բացատրելով միջազգային ծրագրի ու օտարալեզու դպրոցների տարբերությունը:
«Էական տարբերություն կա: Միջազգային ծրագիրը այն ծրագիրն է, որ ավարտելուց հետո, երեխան հնարավորություն է ունենում այդ դպրոցից ստացած ավարտական վկայականը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում: Ես կարծում եմ, որ միջազգային ծրագրեր իրականացնող դպրոցների համար այս երկրում պետք է հնարավորություններ ստեղծվեն, ինչը առանց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու, հնարավոր է ապահովել: Իսկ օտար լեզվով կրթություն իրականացնող դպրոց ստեղծելը, անընդունելի է»: Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե արդեն դասագրքեր են ուղարկվել եւ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, Բագրատ Եսայանի խոսքով՝ դրանք այն դասագրքերն են, որոնք ամեն տարի ներմուծվում են Ռուսաստանի Դաշնությունից՝ ազգային փոքրամասնությունների կրթության համար: «Ինչո՞ւ պետք է ուղարկեն դասագրքեր, երբ օրենքը ընդունված չէ, եւ սեպտեմբերից էլ հաստատ դպրոց չի բացվելու: 5 հազար դասագիրքը նույնիսկ այս փոփոխություններից հետո 5 ռուսաց լեզվով դպրոցի համար շատ է»,- հավաստիացրեց նախկին փոխնախարարը:


























