Լուրերն այն մասին, որ «32 ատամ ակումբ»-ը ցրվում է, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «32 production»-ի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը։ Նա ասաց, որ խոսակցություններն այն մասին, թե խնդիրներ են առաջացել ակումբի անդամների միջեւ, եւ այդ պատճառով էլ ակումբը ցրվում է, ճիշտ չեն։ «Այդպիսի բան չկա։ Աբսյալյուտնի»,-նկատեց Կարեն Բաբաջանյանը։ Նա նաեւ հավելեց, որ «32 production»-ն այժմ նոր հաղորդումներ է պատրաստում, եւ դրանք շուտով կլինեն եթերում։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ժամանակ առաջ ակումբի անդամներից մեկը՝ Արամ MP3-ն, հեռացել է ակումբից՝ տեղափոխվելով «Շանթ» հեռուստաընկերություն, որով էլ ժամանակին եթեր էր հեռարձակվում «32 ատամ» հաղորդաշարը։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում «32 ատամ» ակումբի տղաները դատի տվեցին «Շանթ» հեռուստաընկերությանը՝ պահանջելով վճարել իրենց մի քանի ամսվա աշխատավարձը։ Դատական վեճի ավարտին չսպասելով՝ տղաները տեղափոխվեցին «Արմենիա» հեռուստաընկերություն։
Վաղը՝ հունիսի 24-ին, «32 ատամ»-ի անդամները ասուլիս են հրավիրել «Արդյո՞ք ցրվում է «32 ատամ» ակումբը» թեմայով: Կարեն Բաբաջանյանը նշեց, որ թեեւ ինքը չի հրավիրել այդ ասուլիսը, սակայն, հավանաբար, ներկա կլինի դրան։


























