«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի հայ գրականության օրերի շրջանակներում հունիսի 28-ից հուլիսի 2-ը տեղի է ունենալու «Հայ գրականությունը` հայոց միջնաբերդը» խորագրով համահայկական 5-րդ համաժողովը, որի բացումը տեղի կունենա Ծաղկաձորում: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Հայաստանի գրողների միությունը:

«Համաժողովին մասնակից գրողների թիվն այս տարի կրկնապատկվել է` հասնելով 100-ի: Շատ ուրախալի է, որ այս տարի շատացել են նաեւ համաժողովին մասնակցել ցանկացող երիտասարդ գրողները»,- հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ այս օրերին համաժողովի մասնակից գրողներից շատերը Երեւանում կազմակերպում են իրենց գրքերի շնորհանդեսները: Բացի այդ, համաժողովի ընթացքում Գյումրիում գրողների հետ միասին նշվելու է Հ. Շիրազի 95-ամյակը:

ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ տեղեկացրել է, որ այս տարի համաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրների սփյուռքահայ գրողներ: Նրա խոսքով, համաժողովի մասնակիցներն այցելելու են Էջմիածին եւ հանդիպելու են Գարեգին Բ կաթողիկոսին։

Նշենք, որ նմանատիպ առաջին համաժողովը տեղի է ունեցել 2002 թվականին, Երեւանում, իսկ հաջորդը նախատեսվում է անցկացնել Սիրիայում: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը մեկնարկել է ապրիլին եւ շարունակվելու է մինչեւ նոյեմբեր: