ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ ՀՀ կառավարությունը այսօր՝ հունիսի 24-ին, համատեղ ստորագրել են Հայաստանում իրականացվող գործողությունների ծրագիր, որը 2010-2015թթ. ճանապարհային քարտեզ կհանդիսանա ՅՈՒՆԻՍԵՖ-ի, կառավարական գործակալությունների եւ քաղաքացիական հասարակության համար՝ երեխաների իրավունքների իրականացման գործում:

«Մենք 16 տարվա հաջողված համագործակցություն ունենք ՀՀ կառավարության հետ եւ ակնկալում ենք շատ ավելի երկար տարիների արդյունավետ համագործակցություն»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին՝ ստորագրման արարողության ժամանակ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ վեց տարվա գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում է մի շարք նպատակներ, որոնք ներկայացված են Կայուն զարգացման ծրագրում, ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրում (ՄԱԿ-ի ԶԱԾ) եւ Երեխայի իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագրում, մի ծրագիր, որն ընդունվել է Կառավարության կողմից՝ Հայաստանի մանուկների իրավիճակը բարելավելու համար:

Մասնավորապես, ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկեն բարեփոխումներ իրականացնելու համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` սոցիալական քաղաքականությունը` մանկական աղքատության խնդիրը լուծելու նպատակով, տեղական զարգացման ծրագրերի մշակումը` համայնքների կողմից խոցելի ընտանիքներին եւ երեխաներին  առավել արդյունավետ սոցիալական ծառայություններ մատուցելու համար, ներառական կրթության եւ երեխայի` ընտանիքում մեծանալու իրավունքի խթանումը, երեխաների եւ երիտասարդների համար նոր հնարավորությունների եւ մեխանիզմների ներդրումը` որոշումների կայացման գործընթացներում նրանց մասնակցությունը ապահովելու համար: