Հայաստանում «Orange Արմենիան» հզորացնում է 3G+ ցանցի հնարավորությունները։ Այս մասին նշված է «Orange Արմենիա» ընկերության մամուլի հաղորդագրությունում։ Ըստ հաղորդագրության` ցանցի ներսում ինտերնետի առավելագույն արագությունը կհասցվի վայրկյանում մինչեւ 14,4 Մբ-ի։ Հայաստանի պայմանների համար գերարագ համարվող ինտերնետին միանալու համար կվաճառվեն HSPA տեխնոլոգիայի հետ համատեղելի մոդեմներ։

Հաղորդագրությունում նշված է նաեւ, որ 3G+ ցանցի վերազինումն իրականացվում է Orange-ի հայաստանյան ողջ ծածկույթում: Նոր առաջարկը, ըստ հաղորդագրության,  շուկայում կլինի արդեն այս ամռանը:

Ըստ «Ֆրանս Տելեկոմ» խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտիի՝ Հայաստանում Orange-ի կիրառած տեխնոլոգիաները նորարարական են ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում։ «Մենք հիացած ենք Հայաստանում Orange-ի արձանագրած առաջընթացով: Սա ոչ միայն մեր ընկերության, այլեւ Հայաստանի առաջընթացն է, քանի որ շարժական ծառայությունների այն աննախադեպ բարձր որակի չափանիշները եւ նորարարությունը, որին ականատես եղանք այսօր այստեղ, ապահովում են Հայաստանի առաջատար դիրքերը ոչ միայն այս տարածաշրջանում, այլ անգամ, կարող եմ ասել, համաշխարհային մակարդակով: «Օրանժ Արմենիան» մեր Խմբի համար նորարարությունների դարբնոց է, որի` անգամ այս կարճ ժամանակահատվածում կուտակած փորձը կարող է հաջողությամբ կիրառվել անգամ ավանդապես գերզարգացած շուկաներում»,- ասել է Սուանտին:

Տեղեկացնենք, որ «Orange Արմենիան» նաեւ սկսել է HD որակով ձայնային ծառայության սպասարկում։

Հեռահաղորդակցական այս նոր ծառայությունը տարբերվում է մյուս կապի միջոցներից բարձր որակով։ Նշենք, որ ստանդարտ հեռախոսազանգն իրականացվում է 300-3400 Հց հաճախականությունում, իսկ HD ֆորմատի  կապը  գործում է առավել մեծ` 50-7000 Հց հաճախականային տիրույթում, որի շնորհիվ ավելի որակով են փոխանցում ձայնային ալիքները:

Տեղեկացնենք, որ դեռեւս հատուկենտ բջջային հեռախոսներ են ապահովում HD ֆորմատի կապ։