Գիտնականները նշել են նորվեգական եղջերուի ու ոչխարի մսի ճառագայթվածության մակարդակի կտրուկ աճի մասին, հաղորդում է «Digitaljournal»-ը:
Աղբյուրը նշում է, որ հյուսիսային եղջերուի մսում հայտնաբերել են ռադիոակտիվ ցեզիում-137 8200 բեքերել քանակությամբ 1 կիլոգրամում, երբ 2 տարի առաջ 1500 բեքերել էր: Բեքերելը ռադիոակտիվության չափման միավորն է:
«Այս տարի ճառագայթվածության մակարդակը ծայրահող բարձր է»,- նշել է նորվեգացի գիտնական Լավրանս Սքեթերուդը:
Գիտնականները ճառագայթվածության բարձր մակարդակ են գրանցել նաեւ ոչխարի մսում՝ 4500 բեքելեր 1 կգ-ում: Ընդ որում, ինչպես նշում է աղբյուրը, ոչխարի մսում ռադիոակտիվության թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 600 բեքերելը:
Սքեթերուդը պնդում է, որ ռադիոակտիվ նյութերը կենդանիների մսում են հայտնվել սնկերի միջոցով: Այս տարի Նորվեգիայում դրանց թիվը շատ մեծ էր: Սնկերի որոշ տեսակներ, մասնավորապես «Cortinarius caperatus»-ը, արագ կլանում են ռադիոակտիվ նյութերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ռադիոակտիվ նյութերը մթնոլորտում են հայտնվել Նորվեգիայում 1986թ.-ի Չերնոբիլի վթարի հետեւանքով:




























