Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Պուտինի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակն ընթերցեց հանուն առեւտրի: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողներին ասաց նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա՝ եթե Լուկաշենկոն եւ Նազարբաեւը բացասաբար են արտահայտվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի հանդեպ վատ են տրամադրված՝ «ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես է»:
«Նրանք պարզապես ցանկանում են իրենց համար լավ պայմաններ ստանալ միությունում: Հայկական երկու հանրապետությունների միջեւ մաքսակետ ունենալու հարցը նրանց համար սակարկելու լավագույն առիթ է», - հայտարարեց Բոստանջյանը:
Նա հավելեց, որ Նազարբաեւը, Լուկաշենկոն «եւ տարատեսակ Օբամաները» պետք է իմանան. Ղարաբաղը Հայաստանն է, եղել է եւ կմնա:
Հիշեցնենք, Նազարբաեւը մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձր տնտեսական միության գագաթաժողովին որոշել էր ղարաբաղյան հարցով Ադրբեջանի միջնորդը դառնալ` ընթերցելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին սպասվում է առաջիկայում (հնարավոր է՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք նիստում):



























