Հայաստանը ոչ հեռու ապագայում կտեղավորվի բնական եւ բնականոն զարգացման ուղեծրում, որը քիչ կապ ունի «Սերժիկ հեռացիր»-ի կամ «կարմիր գծերի» հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Ներկայացնում ենք նրա հարցազրույցը NEWS.am-ին:

Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց. «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլեւս անշրջելի իրողություն է, իսկ այդ առթիվ 2-3 տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ 2-3 տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը, իսկապե՞ս խոսքը 2-3 տասնյակ ջղաձվողների մասին է եւ դուք այդ «ջղաձգվողների» մե՞ջ եք:

Այո՛, պահպանողականներս այդ «ջղձգվողների» մեջ ենք, թեեւ մեզ ոչ թե ջղաձվող, այլ քմծիծաղող ու խղճացող կարելի էր անվանել: Եվ փառք Աստծո, իրական անկախականներն ու մեզ հարազատ քաղաքակրթության արժեհամակարգի կրողները չափազանց շատ են եւ է՛լ ավելի են շատանալու. դա՛ է պատմության ընթացքի տրամաբանությունը: Իսկ ներկայի զավեշտն այլ ոլորտում է, եւ պատմությունն այդ մասին աներկբայորեն կարձանագրի, եթե արժանի համարի:

Հանրահավաքում ժողովուրդը անընդհատ վանկարկում էր «Սերժիկ հեռացիր» իսկ հարթակում ելույթ ունեցողները խոսում էին կարմիր գծերից, սոցիալական վիճակից եւ այլն: Ձեր կարծիքով՝ այդ խզումը որքա՞ն կարող է ձգվել եւ ինչո՞վ կավարտվի:

Խզումը բնական է, զանգվածի հետ միասնականության պատրանքի ցուցադրումն է անբնական: Հայաստանը ոչ հեռու ապագայում կտեղավորվի բնական եւ բնականոն զարգացման ուղեծրում, որը քիչ կապ ունի «Սերժիկ հեռացիր»-ի կամ «կարմիր գծերի» հետ:

Փորձագետներից շատերը նշում են, որ եռյակի թիրախը 2018 թվականն է, երբ Սերժ Սարգսյանն այլեւս չի առաջադրվելու եւ ցանկանում են, որ Սերժ Սարգսյանն իրենցից մեկին նշանակի «իրավահաջորդ»: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը: Ընդհանրապես ձեզ համար հստա՞կ են եռյակի (որը նորցի քառյակ է դարձել-խմբ) նպատակները:

Եռյակի նպատակները, ինչպիսին էլ Դուք դրանք համարեք, մեր հետաքրքրության ոլորտից դուրս են:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի հենց սկզբում հայտարարվեց, որ իրենք դեմ չեն ԵՏՄ անդամակցությանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը: Նորմա՞լ է, որ քաղաքական դաշտի ազդեցիկ խաղացողները իրենց օրակարգում չեն ընդգրկում արտաքին քաղաքականությանը վերաբերող նման բախտորոշ քայլը:

Կրկնեմ՝ եռյակի նպատակները մեր հետաքրքրության ոլորտից դուրս են: Նրանք օրակարգ թելադրելու կամ նույնիսկ կազմելու իրավասու չեն, այլ միայն իրականացնելու այն օրակարգը, ինչ հանձնարարված է Ձեր նշած «քաղաքական դաշտի» իրական տիրոջ կողմից: Թեեւ կողմնորոշում ասվածն ինքնին վատ բան է, բայց այսօր նույնիսկ այդ կողմնորոշումների գործոնն էլ չկա, այլ վատ, շատ ավելի մի վատ բան, որի մասին դարձյալ պատմությունը կարձանագրի՝ հենվելով փաստերի եւ փաստաթղթերի վրա:

ԵՏՄ-ին անդմակցելուց հետո ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Հայաստանում: Հնարավո՞ր  է անկախական ու արեւմտամետ ուժերի համախմբում տեղի ունենա, հաշվի առնելով, որ քաղաքական դաշտում այդ թեւը լրիվ բաց է մնացել: Ի՞նչ է խանգարում նրանց համախմբվել:

Իրական անկախականը հենց արեւմտյան արժեհամակարգի կրողն է. այնպես որ, նման տարանջատում չկա: Իսկ արեւմտյան արժեհամակարգի կրողին, այսինքն՝ անկախականին այսօր ավելի արմատական գործելու համար խանգարում է երկու բան. նախ՝ մտահոգությունը Հայրենիքի անվտանգության համար, երկրորդ՝ ռուսական վիրավոր գազանի ժանիքները, որն այսօր դեռ ի զորու է առանց սեթեւեթանքի ֆիզիկապես ոչնչացնելու ազգի իրական սերուցքն ու մեր վտիտ պետականությունը, ինչը մեկ անգամ արդեն արել է 1920-1921թթ.: Պետք չէ մոռանալ ո՛չ ռուսական օրհնությամբ Արեւմտահայաստանի, Կարսի, մինչեւ իսկ Ալեքսանդրապոլի օկուպացումը թուրքական զորքերի կողմից, ո՛չ Հայաստանի առաջին հանրապետության վերացումը, ո՛չ հայ մտավորականության եւ զինվորականության սերուցքի կացնահարումը ռուս-թուրք-ադրբեջանական էմիսարների կողմից, ո՛չ էլ Հայաստանի կենսատարածքների վաճառքը Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով:

Այնպես չէ, որ Հայաստանում բոլորը ռուսամետ են: Ինչո՞ւ Հայաստանում չի ձեւավորվում ուժ, որը կդնի պետության զարգացման համամարդկային արժեքների վրա հիմնված մոդելը: Գուցե հասարակությունը չի՞ դնում նման պահանջ:

Մեր ժողովուրդը (խուսափում եմ «հասարակություն» եզրից, որովհետեւ այն որոշակիորեն այլ բովանդակային սահման ունի), այո՛, այսօր նման պահանջ չի դնում եւ շատ լավ է անում: Մեր ժողովուրդը հազարամյակներ չի մաշել, որպեսզի իմաստնացած չլինի եւ իր վերջին մնացորդացը նետի գազանի երախը: Նա հստակ զգում է նորին մեծություն Ժամանակի գործոնը. կա քարերը նետելու ժամանակը, եւ կա քարերը հավաքելու ժամանակը: Այնպես որ, դեռ համբերել է պետք եւ, ինչու ոչ, ցավով զվարճանալ ներկայացվող զավեշտով:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը